Commitment to Constructive Dialogue

Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը

2016 թվականին Հայաստանում հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ամենամեծ ցանցը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ներկայացրեց հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 7 կետերից։ Քարտեզը երկար ժամանակ քննարկվեց ինչպես կառավարության, այնպես էլ ՔՀԿ-ների հետ և ենթադրվում էր, որ այն կգործի ու զգալի փոփոխություն կմտցնի ոլորտում։ Ընդունվեց հակակոռուպցիոն օրենսդրության մեծ փաթեթ, որը մասնագետների գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ ունենալու համար խոստումնալից էին։ Այդուհանդերձ, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինները, որոնք ստեղծվեցին 2018 թվականից հետո, ցավալիորեն ուղեկցվեցին քաղաքական ազդեցություններով, հովանավորչությամբ և փակուղի մտցրին հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում։

 

ՄԱՍ 1-Ա։ Ո՞վ և ինչպե՞ս ձախողեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացը

2020 թվականին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 9-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում էր․ «Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ»: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:

Օրենքի մայր փաստաթղթի` 2017 թվականի խմբագրությամբ 11-րդ հոդվածը սահմանում էր Մրցութային խորհրդի ձևավորման հետևյալ կարգը․ «Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով)»։ Այս հոդվածն ուժը կորցրել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին։

2018 թվականին, երբ առաջին անգամ, օրենքով սահմանված ընթացակարգով, պետք է ձևավորվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մրցութային խորհրդում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ ՄԻՊ-ին, ՍԴ-ին, ՓՊ-ին, Հանրային խորհրդի նախագահներին և ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղված գրություններ է ուղարկել։ Ի պատասխան ստացված գրությունների համաձայն Մրցութային խորհրդում՝ 

– Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առաջադրել է ՄԻՊ միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանի թեկնածությունը։ 

– Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջադրել է ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը։ 

– ԱԺ ընդդիմադիր կուսակցությունները կոնսենսուսով առաջադրել են Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Գրությունը ստորագրել են «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

– Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն առաջադրել է փաստաբան Մարիամ Զադոյանի թեկնածությունը։ Նշենք, որ գրության համաձայն, Մարիամ Զադոյանը ընտրվել է Փաստաբանների պալատի կողմից անցկացված բաց մրցույթի արդյունքում։ Փաստացի, Փաստաբանների պալատը միակն էր, որը ընտրությունը կատարել էր մրցութային սկզբունքով:

Հենց այս կազմով էլ ձևավորվեց ԿԿՀ անդամների ընտրության Մրցութային խորհրդի առաջին կազմը։

Դեռևս 2019 թվականի հուլիսի 31-ին, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը, ի պատասխան Իրավաբան․net-ի գրավոր հարցմանը, հայտնել է, որ 6-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացել է Մրցութային խորհրդի 6 աշխատանքային նիստ, իսկ նշված նիստերի արձանագրությունները գտնվում են խորհրդի անդամների մոտ։ 

Այս ժամանակ ԱԺ նախագահն էր Արա Բաբոլյանը։

2018 թվականին, երբ խորհրդարանի կազմը փոխվեց, ի շնորհիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Մրցութային խորհուրդը մնաց օդում կախված։ 

Արարատ Միրզոյան

Վերջինս անձնական և խմբային նեղ շահադիտական նկրտումներից ելնելով տապալեց Մրցութային խորհրդի աշխատանքները։ Ի շարունակումն Արարատ Միրզոյանի այս նախաձեռնության՝ Ազգային ժողովի 7-րդ գումարման որոշ պատգամավորներ նախաձեռնեցին անհիմն և ոչ իրավաչափ գործընթաց, որով նպատակ ունեին ուժը կորցրած ճանաչել 2018 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված թիվ Կ-195 կարգադրությունը, որով ձևավորվել էր Մրցութային խորհուրդը: Պատգամավորները հիշյալը պայմանավորում էին նրանով, որ 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման ուժով 6-րդ գումարման ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը ուժը կորցնում է։ Այն, որ այս հիմնավորումը, մեղմ ասած որևէ աղերս չունի իրավաբանության հետ, որի դրա համար բավական էր միայն ծանոթանալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքին և Մրցութային խորհրդի գործունեությունը կարգավորող իրավադրույթներին, կարծում ենք խորը հիմնավորման կարիք չունի։ Վերը նշվածի վերաբերյալ ԱԺ-ից նաև հայտնել են, որ համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքի պահանջներին համապատասխանեցնել 2018 թ-ի հունիսի 20-ի ԱԺ նախագահի Կ-195 կարգադրությունը։ Այդ նպատակով 2019-ի հունվարի 24-ին նոր գրություններ են ուղարկվել ՍԴ, ՄԻՊ, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին։ Ընդ որում, Ազգային ժողովից անգամ հարկ չեն համարել հիմնավորել, թե ստորագրված կարգադրության հատկապես ո՞ր մասը կամ ո՞ր դրույթն է հակասում 11-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչի արդյունքում առաջացել էր այդ անհրաժեշտությունը։

Այնուամենայնիվ, վերադառանանք որոշմանը։ Այն սահմանում էր․

Ուսումնասիրելով այս կարգադրությունը, ցանկացած ողջամիտ դիտորդի մոտ հարց է առաջանում, եթե Մրցութային խորուրդը ձևավորված էր դեռևս 2018 թվականին՝ բոլոր հինգ անդամների մասնակցութամբ, ապա ինչո՞ւ էր նոր գրություններ ուղարկվում կառույցներին, և ինչպե՞ս կարելի է ձևավորվել մի մարմին, որն արդեն գործում է։ Բայցևայնպես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնվեց ակնհայտ ապօրինի, ոչ օրինական գործընթաց և նոր գրություններ ուղարկվեցին Մրցութային խորհուրդը ձևավորող մարմիններին՝ անկհայտ դարձնելով անձնական շահադիտական հետաքրքրությունը ԿԿՀ-ի ձևավորման գործընթացի և հանձնաժողովի գործունեության նկատմամբ։

Հետաքրքրական է, որ նշված կառույցները առաջադրեցին բացառապես նույն անձանց թեկնածությունները, որոնք նախորդ անգամ էին ներկայացվել։ 

Սրանից հետո, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, գիտակցելով, որ գործող իրավակարգավորումների շրջանակում չի կարող որևէ ազդեցություն ունենալ անկախ մարմիների առաջադրումների վրա, որպես ԱԺ պատգամավոր 2019 թվականին հեղինակեց ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  

Նախագիծը ընդունվեց և ուժի մեջ մտավ, որի համաձայն՝ ԿԿՀ մասին օրենքի 9-րդ հոդվածում փոփոխություններ կատարվեցին, որոնց ուժով Մրցութային խորհուրդը վերացվեց և սահմանվեց ԿԿՀ-ի անդամների՝ առանց մրցույթի, ուղիղ առաջադրման կարգը։ 

Հերիքնազ Տիգրանյան

Մինչ նախագծի ընդունումը, դրա վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը) նախկին աշխատակից, ներկայում նույն կազմակերպության անդամ Հերիքնազ Տիգրանյանը 2019 թվականի հունիսի 28-ին հարցազրույց է տվել 1in.am լրատվական կայքին, որի 4-րդ րոպեից սկսած նշում է, որ նախագծի վերաբերյալ ձևավորվել է ad-hoc (խմբ․՝ իրավիճակային) աշխատանքային խումբ, որն էլ մշակել է նախագիծը: Ավելին, ըստ նրա՝ այս նախագիծը իբրև թե ընդունվել է նաև քաղհասարակության կողմից։

Նշենք, որ Տիգրանյանը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, այլ ոչ՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի։ Այս հանգամանքի շեշտադրումը պայմանավորված է նրանով, որ հակակոռուպցիոն օրենսդրական գործունեությունը գտնվում է հենց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում։  

Հարցազրույցի 3:40-րդ րոպեում պատգամավորը նշում է, որ Ազգային ժողովի լուծարվելու հետ մեկտեղ վերացել է նրա ձևավորած կառույցը, այն է՝ 2018 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստորագրված թիվ Կ-195 կարգադրությամբ ձևավորված Մրցութային խորհուրդը: Ինչպես արդեն նշեցինք, այս հիմնավորումը, մեղմ ասած որևէ աղերս չունի իրավաբանության համար և խախտում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը։ Այդուհանդերձ, իրավական այս «նոնսենսի» վերաբերյալ որոշ ճշգրտումներ ստանալու նպատակով դեռևս 2019 թվականին Իրավաբան․net-ը հարցում էր ուղղել ԱԺ նախագահին՝ խնդրելով պարզաբանել հետևյալ․ 

  1. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել այդ աշխատանքային խումբը:
  2. Ե՞րբ է այն ստեղծվել:
  3. Ովքե՞ր են համարվում խմբի անդամները. խնդրում ենք տրամադրել նաև խմբի անդամների անհատական կազմը:
  4. Ի՞նչ չափորոշիչների հիման վրա են ընտրվել հիշյալ խմբի անդամները:
  5. Ինչպե՞ս և ու՞մ կողմից են հավաքագրվել քաղհասարակության կազմակերպությունների առաջարկությունները:
  6. Ո՞ր կառույցների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկություններն են հավաքագրվել. խնդրում ենք տրամադրել առաջարկներն ու դրանց հեղինակների ցանկը:
  7. Արդյո՞ք աշխատանքային խումբը նախագծի և եղած առաջարկությունների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել է, եթե այո՝ խնդրում ենք տրամադրել հանրային քննարկմանը հրավիրված և մասնակցած կառույցների և անձանց ցանկը:
  8. Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ վերոնշյալ նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, այնինչ նախագծերի փաթեթը ներկայացվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Ի վերջո ու՞մ կողմից է մշակվել նախագիծը: Եթե աշխատանքային խումբն է այն մշակել, որում նաև առնվազն մեկ պատգամավոր՝ Հերիքնազ Տիգրանյանը ներառված է եղել, ապա ինչու՞ նախագիծը ներկայացված չէ ԱԺ պատգամավորիների հետ համատեղ:

Հարցազրույցի 04:52-րդ վայրկյանին պատգամավորը նշում է, որ աշխատանքային խումբը միակարծիք էր այն հարցում, որ Մրցութային խորհուրդը, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ չպիտի այլևս լինի: Այս հայտարարության վերաբերյալ նույնպես խնդրել էինք տրամադրել նաև աշխատանքային խմբի այս որոշումը, արձանագրությունը կամ  աշխատանքների ամփոփման փաստաթղթի պատճեն:

Ինչպես նշել է Հերիքնազ Տիգրանյանը, աշխատանքային խումբը մրցութային կարգի փոփոխությունը Կառավարության, ԱԺ խմբակցությունների և ԲԴԽ-ի կողմից առաջադրումներով փոփոխելը, կայացրել է համախոհության որոշմամբ, այս կապակցությամբ ևս Իրավաբան․net-ը խնդրել էր տրամադրել այդ որոշման (արձանագրության կամ աշխատանքային խմբի աշխատանքների ամփոփման փաստաթղթի) պատճեն:

Ի պատասխան մեր մի շարք հարցերի, Ազգային ժողովից հայտնեցին․

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եղել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ որպես պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը, որի մշակման ընթացքում խորհրդակցական բնույթի քննարկումներ են տեղի ունեցել տարբեր մարմինների ներկայացուցիչների և մասնագետների հետ։ Որևէ իրավական ակտով որևէ ֆորմալ մարմին չի ստեղծվել»։

Իրավաբան.net-ը նաև հարցրել էր, թե արդյո՞ք կազմավորված առաջին մրցութային խորհուրդը վերացել է, եթե այո՝ խնդրել էինք ներկայացնել համապատասխան իրավական ակտի պատճեն: 

Այս հարցն անպատասխան էր մնացել։

Փաստացի, Ազգային ժողովը, որ հանդիսանում է մեր երկրի օրենսդիր մարմինը, խուսափեց տրամադրել պատասխաններ մի շարք կարևոր հարցերի։ Մենք կարող ենք ենթադրել, որ դա՝ կա՛մ նրանից է, որ վերջիններս գիտակցում են իրենց ոչ օրինական վարքագիծը, կա՛մ պարզապես՝ չեն իմանում ինչ պատասխանեն այս իրավական «նոնսենսին»։  

Անդրադառնալով պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի փաստարկներ չունեցող հայտարարություններին, նշենք, որ ազգային և միջազգային պրակտիկան հուշում է, որ եթե ՔՀԿ ներկայացուցիչներ են մասնակցում որևէ նախագծի քննարկմանը, ապա դա պետք է կատարվի հնարավորինս բաց միջավայրում՝ ապահովելով լայն մասնակցություն ու գործողությունների թափանցիկություն, եթե անգամ դրանք ուղղակի «խորհրդակցական բնույթի քննարկումներ» են։

Ինչպես նշեցինք, Արարատ Միրզոյանի կողմից փորձ արվեց ստեղծել նոր Մրցութային խորհուրդ, բայց քանի որ հնարավոր չէր կանխորոշել որոշ կառույցների կողմից (ՄԻՊ, ՓՊ, ՀԽ) առաջադրվող թեկնածուներին, հետևապես և՝ անուղղակի կերպով մասնակցել այդ գործընթացին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց փոխել օրենքը, վերացնել Մրցութային խորհուրդը և ԿԿՀ անդամների նշանակել բացառապես ուղիղ առաջադրումների միջոցով՝ շրջանցելով անկախ մարմինների և քաղհասարակության մարմինների մասնկացությունն այս գործընթացում։ Հիշյալ փաստական հանգամանքների արդյունքում հանրության շրջանում, այդ թվում մասնագիտացված ՔՀԿ-ների շրջանում ողջամտորեն ձևավորվել է կասկած առ այն, որ ԱԺ նախագահ դառնալու օրվանից Արարատ Միրզոյանը ունեցել է անձնական շահագրգռվածություն և հետաքրքրություն ԿԿՀ-ի նկատմամբ, և այդ պատճառով՝ նախ փորձել է ձևավորել «իր սրտով» նոր Մրցութային խորհուրդ (ինչը չստացվեց, քանի որ առաջադրվեցին նույն անդամները), իսկ ապա՝ փոխեց օրենքը՝ վերացնելով Մրցութային խորհուրդը։ Նրան այս գործընթացում օգնության հասան նաև որոշ պատգամավորներ, ովքեր նույնպես ունեն անթաքույց կորպորատիվ շահագրգռվածություն և հետաքրքրվածություն այն մարմնի նկատմամբ։

 

Մրցութային խորհրդի նախկին ու ներկա անդամները 

Իրավաբան․net-ի հետ զրույցում, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ձևավորված Մրցութային խորհրդում Հանրային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք բավական աշխատանք են կատարել, աշխատել են ԿԿՀ անդամի թեկնածուների համար նախատեսված հարցարանի և թեստերի շտեմարանի վրա։

«Մենք գումարել ենք 5 նիստ, ունեցել աշխատանքային 6 հանդիպումներ։ Բոլոր նիստերին ես մասնակցել եմ։ Ինչ ենք մենք արել․ մշակվել են թեստերի շտեմարաններ, թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ մասնագիտական, հանրային ճանաչելիության առումով և այլն։ Նախատեսվել էր երկու փուլ անցկացնել՝ հարցազրույցի և թեստավորման, այս չափորոշիչները ևս մշակվել էին, ինչպես նաև՝ հարցազրույցի անցկացման կարգը, գնահատման սկզբունքները, բաղադրիչները»,-ասաց նա։ 

«Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ, օբյեկտիվորեն տարկետվել է Մրցութային խորհրդի կողմից իրականացվելիք գործառույթները»,-նշեց Մրցութային խորհրդի նախկին անդամը։ Հովհաննիսյանի խոսքով՝ Մրցութային խորհրդի որոշ անդամներ անմիջական մասնակցություն են ունեցել 2018 թվականի ԱԺ և քաղաքապետի ընտրություններին, խոսքը Վլադիմիր Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։ 

Ի պատասխան մեր այն հարցին՝ արդյո՞ք իրենք ծանուցվել են, իրենց տեղյակ պահել են, որ այլևս խորհուրդը չի գործելու, Հովհաննիսյանն ասաց․ «Իշխանությունը փոխվեց, ծրագրերը փոխվեցին, այդ Մրցութային խորհուրդը, ըստ նոր ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ չեղավ։ Որևէ մեկը պաշտոնական տեղեկություն չի տվել, ուղղակի գիտենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները նշանակվեցին առանց Մրցութային խորհրդի»։

Նա նաև նշեց, որ Հանրային խորհրդի քվոտան վերցնելու խնդիր է նկատել։ «Խնդիրն ինչ էր, որ որոշ կառույցներ ցանկանում էին Հանրային խորհրդի քվոտան, օրենքով սահմանված, վերցնել իրենց։ Մասնավորապես «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» փորձում էր այդ քվոտան պահանջել, որ իրենց տան, իրենց ներկայացուցչին այնտեղ տանեն և ներքին կուլիսային պայքարի արդյունքում էր, որ Արարատ Միրզոյանը դիմեց Վազգեն Մանուկյանին։ ՀԽ-ն էլ որոշեց, որ պետք է վերահաստատվի իմ թեկնածությունը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Փաստաբանների պալատի կողմից առաջադրված թեկնածու Մարիամ Զադոյանը նշեց, որ 2018 թվականին մի քանի նիստ են ունեցել, ԿԿՀ անդամների թեկնածուների համար նախատեսված հարցաշարի վրա են աշխատելիս եղել։ «Եղել են դեպքեր, երբ նիստի օր ենք նշանակել, ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, բայց նիստեր ունեցել ենք։ Մենք որոշել էինք, թե մեզանից ով ինչի վրա պետք է կոնկրետ աշխատի։ Իրականում, ահռելի ծավալի աշխատանք էր կատարվել, և փաստացի մի քանի անձանց քաղաքական կամքի բացակայության և անձնական ու նեղ խմբային շահերից ելնելով, մի ամբողջ խորհրդի կատարված աշխատանքը փոշիացրին»,-ասաց Մարիամ Զադոյանը։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Մրցութային խորհրդի մյուս անդամի՝ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ մեծամասամբ արդեն ոչինչ չի հիշում խորհրդից, քանի որ երկու տարի է անցել, և քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված փաստաթղթերն արդեն իր մոտ չեն։ 

Նշենք նաև, որ Մրցութային խորհրդի աշխատանքների վերաբերյալ Իրավաբան.net-ը հարցում է ուղարկել նաև նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանին, ով ներկայացնում էր ՍԴ-ը (ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), պատասխանը դեռ չենք ստացել և ստանալու դեպքում դա կներկայացնենք լրացուցիչ։ 

Ինչ վերաբերվում է նախկին խորհուրդների ու ներկայիս խորհրդի անդամ Միքայել Խաչատրյանին (ՄԻՊ ներկայացուցիչ), ապա նշենք, որ նա չպատասխանեց մեր բանավոր հարցերին, փոխարենը ՄԻՊ մամուլի խոսնակը ասաց հարցերն ուղարկել գրավոր ձևով, որոնց պատասխանները ևս չեն ստացել և ստանալու դեպքում կրկին կներկայացնենք։ 

Միջազգային և տեղական մասնագիտական կազմակերպությունների արձագանքը

Նախագծի վերաբերյալ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը՝ նշելով, որ ԿԿՀ-ի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները խիստ իշխանամետ են։ Նշանակումները կատարվեցին քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում վտանգելով ԿԿՀ-ի անկախությունը։ 

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ Գնահատման Զեկույցում հնչեցվել էին գնահատականներ, որոնք վերաբերում էին ԿԿՀ ձևավորման գործընթացին: 

Զեկույցում, մասնավորապես, նշվում էր, որ Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացից վերացնում է Մրցութային խորհուրդը և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ (1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից)։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է  (զեկույցում համապատասխանաբար հղում է կատարվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությանը)։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կենսական նշանակություն ունեցող դրույթ է, քանի որ քաղաքական միջամտությունից և ազդեցությունից զերծ լինելը՝ նրանց արդյունավետությունն ապահովելու հիմնական սկզբունքն է: Նաև նշվում էր, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել հանձնաժողովի մեծամասնությանը: Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Հանձնաժողովի առաջին կազմի ուղղակի առաջադրումներ Խորհրդարանի կողմից, իսկ այնուհետև՝ Մրցութային խորհրդի վերականգնում։ ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով ապահովել Հանձնաժողովի անկախությունը: ԳՐԵԿՈ-ն ցանկանում է ընդգծել, որ այս առաջարկություն առավելապես վերաբերում է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախությանը»։ (Recommendation xviii (86)։

Միջազգային կառույցի ճնշման ներքո որոշվեց հետ բերել Մրցութային խորհուրդը

Միջազգային կառույցի կողմից հնչեցված բացասական գնահատակին հաջորդեց Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը․ առաջարկվում էր հետ բերել Մրցութային խորհուրդը (Սուրեն Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը):

Այս փոփոխության համաձայն, որն ԱԺ-ի կողմից ընդունվեց 2020 թվականի հունիսի 12-ին՝ խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:

ՀԽ-ին ու ՍԴ-ին փոխարինեցին ԲԴԽ-ն ու Կառավարությունը, իսկ գործընթացից դուրս թողեցին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԽ-ն հանդիսանում է ՔՀԿ-ները միավորող սահմանադրական մարմին)։

Միաժամանակ նշենք, որ Մրցութային խորհուրդը հետ է բերվել և գործելու է նոր անդամի նշանակման դեպքում։

Մրցութային ներկա խորհուրդը

2021 թվականի փետրվարի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված կարգադրության համաձայն, հաստատվել է ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի անհատական կազմը։

Այս կազմում են՝ 

1․ Լիանա Ղալթաղչյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2․ Հերիքնազ Տիգրանյան – Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

3․ Միքայել Խաչատրյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության  վարչության պետ

4․ Իրինա Փիլոյան – ՀՀ  փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան:

Նշենք, որ կարգադրության համաձայն 5-րդ անդամը, որն առաջադրվել էր ԲԴԽ-ի կողմից, Նարեկ Գաբրիելյանն էր։ Նա ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 8-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ինչով պայմանավորված էլ ապրիլի 14-ին նրա խորհրդի անդամ լինելու մասին կարգադրության համապատասխան կետը ուժը կորցված է ճանաչվել։ ԲԴԽ-ի անդամի թափուր մնացածը տեղը դեռևս չի լրացվել, և փաստացի Մրցութային խորհուրդը գործում է 4 հոգանոց կազմով։ 

Լիանա Ղալթաղչյան

Խորհրդի կազմում ընդգրկված 2 անդամ՝ Լիանա Ղալթաղչյանն ու Հերիքնազ Տիգրանյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամներ են, իսկ պետական պաշտոններ ստանալուց առաջ նաև աշխատել են այդ կենտրոնում։

Ինչպես արդեն Իրավաբան․net-ը հայտնել է, 2021 թվականի հունիսի 6-ին Ազգային ժողովում քննարկվեց ԿԿՀ-ի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար Մրցութային խորհրդի որոշմամբ՝ ԿԿՀ-ի անդամի թափուր պաշտոնում առաջադրած Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ևս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։

 

Բացի այս, Տաթևիկ Բարսեղյանի ամուսինը ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն է։

Սոս Ավետիսյանը 2017-2018թթ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատուն է եղել:

Սոս Ավետիսյանի Facebook-ի էջից

Փաստացի ստացվում էր, որ չորս հոգիանոց Մրցութային խորհրդի 50%-ը ԹԻՀԿ-ի երկու անդամներն են, որոնք ընտրել են երրորդ անդամին և այն ներկայացրել ԱԺ-ին։

Այս արատավոր գործընթացը խստորեն դատապարտեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը և կոչ արեց ԱԺ-ին չդակել Մրցութային խորհրդի ոչ օրինական որոշումը և չկատարել հերթական քաղաքական նշանակումը, որն ամենևին չի բխում կոռուպցիայի դեմ պայքարից և չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ 

Նույն օրը կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Տաթևիկ Բարսեղյանը ԿԿՀ անդամ չընտրվեց։ Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր։ Կողմ էին քվեարկել 66-ը, դեմ՝ 8-ը։

Տաթևիկ Բարսեղյանից բացի, ԿԿՀ անդամի թեկնածուի թափուր հաստիքի համար դիմել էին՝ 

  1. Համազասպ Գրիգորի Դանիելյանը, նա հանդիսանում էր ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, որը 2021 թվականի հունիսի 9-ին հրաժարական էր ներկայացել։  
  2. Դավիթ Նորիկի Սարգսյանը։
  3. Վարդան Ռազմիկի Գրիգորյանը։
Համազասպ Դանիելյան

Իրավաբան․net-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Համազասպ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել, քանի որ վերջինս նշանակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող USAID/Armenian Integrity ծրագրի ղեկավար պաշտոններից մեկում (ծրագիրն իրականացվում է հակակոռուպցիոն ոլորտում)։ Ծրագիրը 5 տարի տևողությամբ է։ Նույն տեղեկությունների համաձայն, կան կասկածներ առ այն, որ այս նշանակումը նույնպես պայմանավորված է եղել․ վերջինս զիջում է ԿԿՀ-ի անդամի պաշտոնը, և գործողվում է աշխատելու այս ծրագրում։ Իրավաբան․net-ին նաև հայտնի դարձավ, որ այն բանից հետո, երբ Տաթևիկ Բարսեղյանը հանկարծակիորեն չընտրվեց ԿԿՀ անդամի պաշտոնում, նրան ևս գործողում են USAID/Armenian Integrity ծրագիր։ Ի դեպ, այս ծրագիրը իրականացման ողջ ընթացքում ուղիղ աշխատելու է ԿԿՀ-ի հետ, և այս անձանց նշանակման հարցում դերակատարում է ունեցել նաև ԿԿՀ-ն։

Ցավալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարբեր սեկտորներում պաշտոնների նշանակումը դարձել է սակարկման առարկա և յուրայիններին բարձր պաշտոնների տեղավորման արդյունքում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է արհեստական օրակարգ։ 

 

ՄԱՍ 1-Բ։ Հովանավորչությամբ նշանակված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս անդամներն ընտրվել են 2019 թվականի նոյեմբերի 19-ին։ 

Կառավարության թեկնածու – Լիլիթ Ալեքսանյան (կողմ՝ 85, դեմ՝ 15, անվավեր՝ 2),

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու – Նարեկ Համբարձումյան (կողմ՝ 71, դեմ՝ 31),

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու – Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, դեմ՝ 12),

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու – Արամայիս Փաշինյան (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։

Բացի նշված 4 անդամներից, ընտրվել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը (կողմ՝ 96, դեմ՝ 6), ով նոյեմբերի 26-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ ԿԿՀ անդամի պաշտոնը թողնելու մասին․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում»։

Իրավաբան․net-ի կատարած հետաքննությամբ պարզվեց, որ ԿԿՀ-ի անդամները, որոնք ըստ էության չունեն հակակոռուպցիոն ոլորտի փորձառնություն (այդ մասին են վկայում անդամների ինքնակենսագրությունները և աշխատանքային գրքույկներում կատարված նշումները), պատահական ընտրված անձինք չեն, նրանք ուղղակիորեն հովանավորվել են տարբեր պաշտոնյաների կողմից։

 

Հայկուհի Հարությունյան

Հայկուհի Հարությունյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու

ԿԿՀ նախագահի՝ Հայկուհի Հարությունյանի մասին արդեն գրել էինք, որ վերջինս ուղղակիորեն փոխկապակցված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և նրա կնոջ, ինչպես նաև նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հետ։ 

Բացի այս, ինչպես արդեն նշել ենք նախորդ հետաքննությունում, անձնական շահագրգռվածության մասով Հայկուհի Հարությունյանն աչքի է ընկել դեռևս 2018 թվականին, երբ էլեկտրոնային նամակի միջոցով փորձել էր համակարգել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մտահոգություն բարձրացնելով ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման ժամանակ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված անդամի ընտրության հարցը։ 

Արդյունքում Հայկուհի Հարությունյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը և մի շարք այլ կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ։ 

Կարևոր էր նաև այն փաստը, որ նշված հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից շատերը, տարբեր ժամանակներում ֆինանասավորվել/ում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամը), որը 21 տարի՝ մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը ղեկավարել է Լարիսա Մինասյանը։

Այս մասով նախորդ հետաքննությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Լիլիթ Ալեքսանյան

Լիլիթ Ալեքսանյան, Կառավարության թեկնածու

Լիլիթ Ալեքսանյանի կենսագրության համաձայն, նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2010-2019 թվականին աշխատել է HSBC բանկում։

Հատկանշական է, որ Լիլիթ Ալեքսանյանի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի աշխատատեղերը՝ նախքան պետական պաշտոնների անցնելը՝ համընկնում են․

2018թ.-ին երկուսն էլ աշխատել են HSBC բանկի Ռիսկերի կառավարման բաժնում: 

Ակնհայտ է, որ Կառավարության կողմից առաջադրած թեկնածուն ուղղակիորեն փոխկապակցված է տվյալ ժամանակահատվածում  Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, և նրա առաջադրումը պայմանավորված էր ոչ թե հակակոռուպցիոն հարուստ փորձով, այլ գործընկերական բարի հարաբերություններով։ Ընդ որում, բացի HSBC բանկից, Լիլիթ Ալեքսանյանը այլ աշխատավայր չի ունեցել։

Արամայիս Փաշինյան

Արամայիս Փաշինյան, ԲԴԽ թեկնածու

Արամայիս Փաշինյանի ինքնակենսագրությունը որևէ կերպ չի բացահայտում նրա կապը ԲԴԽ-ի հետ, և հանրության շրջանում ողջմատորեն հարց էր առաջացել, թե ինչո՞ւ է ԲԴԽ-ն առաջադրել հենց իրեն։ Սակայն, բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ նա ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​, Արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանի քրոջ` Լիլիթ Գալյանի ամուսինն է։

Հիշեցնենք, որ երբ Արամայիս Փաշինյանը ԿԿՀ անդամ էր նշանակվում, Սրբուհի Գալյանն այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, որը համակարգում էր հակակոռուպցիոն ոլորտը, և Կառավարության անունից մասնակցում էր ԱԺ-ում՝ ԿԿՀ օրենքի փոփոխությունների և լրացումների քննարկումներին։

Լիլիթ Գալյանի ֆեյսբուքյան էջից
Լիլիթ Գալյանի ֆեյսբուքյան էջից

 

Նարեկ Համբարձումյան

Նարեկ Համբարձումյան, ԲՀԿ թեկնածու

Նարեկ Համբարձումյանը 2014-18 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնը։ Մինչև նշանակումը, շուրջ երկու տարի՝ 2018-2019 թթ աշխատել է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, որպես ֆինանսական գծով փոխտնօրեն։

Հավելենք, որ ընկերության պաշտոնական կայքէջում նշված տեղեկության համաձայն, «Գլանժ ալկոն»  գինի, կոնյակ և օղի արտադրող ընկերություն է։ Այն  գտնվում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում (խմբ․՝ Արամուս գյուղին ամենամոտ քաղաքը Աբովյանն է)։ 

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր իր ԿԿՀ անդամի պաշտոնում իր թեկնածության հարցը և պատգամավորները հարցեր էին ուղղում թեկնածուներին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց․ «Այս ՍՊԸ-ը որևէ կերպ կապվածություն ունի՞ որևէ հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ, թե՝ ոչ»։

Նարեկ Համբարձումյանն ի պատասխան հարցի նշեց․ ««Գլանժ Ալկո» ՍՊԸ-ը որևէ կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ, դա մեր ընտանեկան կազմակերպությունն է, հիմնադրվել է 1995 թվականին, հորս կողմից, առհասարակ, մեր գերդաստանում չի եղել և չկա, բացի ինձանից, որևէ պաշտոնատար անձ»։

Համբարձումյանին տրված մյուս հարցը վերաբերում էր նրա փոխկապակցվածությանը ԲՀԿ-ին։ Ի պատասխան պատգամավորի հարցին, նա նշեց, որ որևէ կապ, որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ․ «Ես կարող եմ ենթարդել, որ խմբակցությունը առաջադրել է իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով իմ անձը, կրթությունը, անցած ուղին, որպես պետական պաշտոնատար անձ՝ հասարակության մեջ ունեցած իմ կերպարը»։ Այսինքն, այս պատասխանից ստացվում է, որ հազարավոր քննիչներից ԲՀԿ-ն պատահաբար ընտրում է շուրջ երկու տարի իրավապահ համակարգից դուրս եկած թեկնածուին, ով գործարար էր և զբաղվում էր ձեռնարկատիրությամբ։ Եզրահանգումները թողնում ենք մեր ընթերցողին։

Այսպիսով, փաստացի ստացվում է, որ ԿԿՀ անդամների նշանակումները կատարվել են ոչ թե փորձի ու մասնագիտական հմտությունների, պաշտոնների համապատասխանեցման հիմքով, այլ՝ տարբեր խմբերի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։

ՄԱՍ 2։ Գլխավոր դատախազի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակումը

Սրբուհի Գալյան

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հաստիք, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։ Գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվել են բաց մրցույթներ։ Մրցույթներն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը։ 

Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու թեկնածու, որից մեկը տվյալ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էր։ Վերջինս նախարարությունում համակարգում էր հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ոլորտը, այդ թվում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման, ներառյալ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կազմակերպական կառուցվածքի ստեղծումը՝ ԳԴ տեղակալի նոր հաստիքի ստեղծմամբ, որի պաշտոնն էլ զբաղեցրեց։

Հարկ է նշել, որ թեկնածուներից մեկը չի մասնակցել մրցույթին, և արդյունքում ստացվել է, որ գխավոր դատախազի տեղակալի միայն մեկ թեկնածուն է մասնակցել կազմակերպված մրցույթին, բայց վերջինիս ընտրությունն ու նշանակումը փաստացի անցկացվել է այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաներում: Այսպիսով, մրցույթին մասնակցած միակ թեկնածուն, որը Սրբուհի Գալյանն էր՝ նշանակվեց պաշտոնին։ 

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի (ԿԿՀ գործառույթները) 7-րդ կետով սահմանված է, որ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Դատախազության մասին» օրենքի 38․1 հոդվածի համաձայն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուն պետք է սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնի նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։ 

Ստացվում է, որ Սրբուհի Գալյանի բարեվարքության հարցաթերթիկի վերաբերյալ եզրակացություն է տվել իր քրոջ ամուսինը՝ արդեն իսկ ԿԿՀ անդամի պաշտոնում նշանակված Արամայիս Փաշինյանը։

ՄԱՍ 3։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ 

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության թիվ 165-Ն որոշմամբ։ Խորհրդում, բացի պաշտոնատար անձանցից, երկու տեղ տրամադրվել էր նաև ՀԿ-ներին։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, ՀԿ-ների համար նախատեսված 2 տեղը դարձավ 5, որից մեկը հատկացվեց Կոալիցիան՝ որպես ՀԿ սեկտորում հակակոռուպցիոն ներուժը միավորող ամենամեծ ցանցի։ 

2019 թվականի հունիսի 24-ին ՀՀ վարչապետի թիվ 808-Ն որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության թիվ 165-Ն որոշումը, և ստեղծվեց նոր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որի նպատակն ու լիազորությունները նույնն էին, ինչ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդինը։ 2019 թվականի վարչապետի նշված որոշմամբ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անհիմն կերպով դուրս հանվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմից՝ առանց այդ մասին անգամ նախապես ծանուցելու Կոալիցիային։ Կոալիցիան հիշյալը պայմանավորում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոններ զբաղեցող առանձին անձիք փոխկապակցված են ոլորտային առանձին ՔՀԿ-ների հետ և առաջնորդվում են նեղ կորպորատիվ շահերով, և ոչ թե՝ հանրային, դրանով այս Խորհուրդը դարձրել են ձևական բնույթ ունեցող, ոչ արդյունավետ և քաղաքականացված։ Ավելին, Իրավաբան․net-ի կողմից նախկինում հրապարակված լրագրողական հետաքննությունը փաստում է, որ ներկայիս Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով, որի արդյունքները երեք ՀԿ-ների մասով ոչ օրինական են․ 

Այդ կազմակերպություններն էին՝

  • «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, 
  • «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ,
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ։

Այս կազմակերպությունները մինչ օրս էլ անօրինական կերպով գտնվում են խորհրդի կազմում։

Հիշեցնենք նաև այս ՀԿ-ներից երկուսի փոխկապակցվածությունը կառավարության հետ․

Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:

Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

ՀՀ արդարադատության նախարարությունը փորձելով ապահովել մասնագիտացված կազմակերպությունների անդամակցումը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին, 2019-2020թթ․-ների ընթացքում մի քանի անգամ մշակել է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծ, որով հնարավորություն կընձեռնվեր Կոալիցիային որպես 71 ՔՀԿ-ներին միավորող ոչ ֆորմալ ցանց, չունենալով պետական գրանցում, մրցութային կարգով ընդգրկվեր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։ Վերջին նախագիծը Արդարադատության նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում 03.09.2020թ․-ին հրապարակել էր։ Այս նախագծին, անթաքույց կերպով իր վրդովմունք էր արտահայտել նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ հիմքում դնելով ոչ թե իրավական, այլ նեղ խմբային հիմնավորումներ։ Այս վրդովմունք, սակայն, «փարատեց» վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիանա Ղալթաղչյանը (նախկինում աշխատել է և ներկայում հանդիսանում է նաև ԹԻՀԿ-ի անդամ), ով միջամտեց գործընթացին և նպաստեց, որ Կառավարությունը հավանություն չտա նախագծին և այն վերադարձնի Արդարադատության նախարարություն։ Այսպիսով, ստեղծվեցին կասկածներ առ այն, որ կառավարության պաշտոնյան, որ ոչ թե առաջնորդվեց պետական, այլ՝ նեղ խմբային շահերով, փաստացի ցուցաբերեց բարձր նվիրվածություն իր կազմակերպությանը և կատարեց իր գործընկերների կամքը։  

Այս մասով հետաքննությունն առաջիկայում կլրացվի։

ՄԱՍ 4: Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մյուս մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Նկատի ունենալով այն, որ կոմիտեի նախագահի ընտրության համար կազմվող Մրցութային խորհուրդը դեռևս ձևավորման փուլում է, հետևաբար ընտրված չէ նաև Կոմիտեի նախագահը, ուստի այս մարմնի հետ կապված գործընթացներին կանդրադառնանք առաջիկայում։ 

Սակայն հարկ է նշել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 9-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «Կոալիցիան՝ հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ սույն թվականի հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին: 

Ավելին, Կոալիցիան կասկածի տակ է դնում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Ուստի, Կոալիցիան կոչ է անում Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,  այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում: Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել»:

Այս կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող Մրցութային խորհրդի կազմից դեռևս հայտնի է միայն կառավարության ներկայացուցչի անունը, ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանն է։ 


Այսպիսով, ներկայացվածը ի ցույց է դնում տապալված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, որի գլխավոր դերակատարն է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Այս ամենը խեղաթյուրում է իրավական ոլորտը, հակակոռուպցիոն պայքարը, ինչի հետևանքով տուժում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այն հարված է հասցնում ՀՀ պետականությանն ու հեղինակությանը։

 

Ծանուցում – Ներկայացվածը բացառապես մասնագիտական հետաքննություն է, որը հիմնված է փաստերի վրա, փաստահավաք աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ Այն աղերս չունի որևէ քաղաքական ուժի կամ ուղղվածության հետ և չի կարող դիտարկվել որպես քարոզչություն և հակաքարոզչություն։