Commitment to Constructive Dialogue

Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային իրազեկման սեմինար

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ հանրային իրազեկման առցանց սեմինար Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերի հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, որը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից՝ Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Քննարկման հիմնական նպատակն էր հանրության իրազեկման բարձրացումը ազդարարման համակարգի վերաբերյալ՝ օժանդակելով ազդարարման համակարգի բարելավմանը և նպաստելով ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը: Սա միտված է նաև կերտելու ազդարարի, որպես ՀՀ քաղաքացու, դրական և պահանջատեր կերպարը։
Սեմինարին բանախոսությամբ հանդես եկան Մարիամ Զադոյանը և Անահիտ Մարդոյանը։ Բանախոսները սկզբում խոսեցին ազդարարման համակարգի ընդհանուր էության և ազդարարներ դերի մասին, ապա ներկայացրեցին Հայաստանում գործող ազդարարման էլեկտրոնային բոլոր հարթակները։
Այնուհետև, էլ ավելի ինտերակտիվ քննարկման նպատակով բանախոս Մարիամ Զադոյանը ներկայացրեց «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված haytnir.am ազդարարման այլընտրանքային էլեկտրոնային հարթակը, հարթակում առկա բաժինները և հարթակով հայտ ներկայացնելու քայլերի հաջորդականությունը։ Ապա բանախոսն առաջարկեց գործնականում փորձարկել այն և մասնակիցներին առաջարկեց ներկայացնել փորձնական հայտեր՝ քայլերի հաջորդականություն էլ ավելի ամրապնդելու համար։
Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ողջունեց նման իրազեկման սեմինարի նախաձեռնությունը և փաստեց որ նման սեմինարներ պետք է կազմակերպվեն ավելի մեծ մասշտաբով և պետական մարմինների օժանդակությամբ։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ ողջունեցին իրազեկման նմանատիպ սեմինարի կազմակերպումը և ազդարարման համակարգի հանրային իրազեկմանը միտված բոլոր քայլերը։