Commitment to Constructive Dialogue

Կայացավ բյուջետային ուսումնական ծրագրի վերաբերյալ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ իրազեկման սեմինարը

Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման սեմինար։

Սեմինարին ներկա էին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները։  ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ում անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ իրազեկման սեմինարը, հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով ուսանողներին Ծրագրի, դրա շրջանակներում ուսուցման և նոր բյուջետային գիտելիքների ստացման հնարավորության մասին և խրախուսեց մասնակցություն ունենալ ուսումնական ծրագրին։

Այնուհետև, Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց բուն Ծրագրի նպատակը, դրա շրջանակներում իրականացված աշխատանքները, նորաստեղծ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը։

Ապա Ծրագրի ղեկավարն անդրադարձ կատարեց Ծրագրի շրջանակներում նախատեսվող երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։

Այնուհետև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը:

Սեմինարի ավարտին, բյուջետային ուսուցմամբ հետաքրքրված ուսանողները տրամադրեցին իրենց տվյալները ուսումնական ծրագրին դիմելու նպատակով։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: