Commitment to Constructive Dialogue

Բյուջետային ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման սեմինար ՀՊՏՀ ուսանողների հետ

Մարտի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման սեմինար։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ֆինանսական և կառավարման ֆակուլտետների ուսանողները։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ողջունելով ուսանողներին իրենց հետաքրքրության և սեմինարի մասնակցության կապակցությամբ, ապա ուսանողներին ներկայացրեց Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված աշխատանքները, նորաստեղծ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝ նշելով ՀՊՏՀ ուսանողների կարողությունների զարգացմանը և որպես ոլորտի ապագա մասնագետներ բյուջետային գործընթացում նրանց ներգրավվելուն ուղղված քայլերի կարևորությունը։
Այնուհետև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը՝ հորդորելով ուսանողներին բաց չթողնել նման հնարավորությունը և մասնակցել ուսուցմանը։
Սեմինարի ավարտին, բյուջետային ուսուցմամբ հետաքրքրված ուսանողները տրամադրեցին իրենց տվյալները ուսումնական ծրագրին դիմելու նպատակով։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: