Commitment to Constructive Dialogue

Կայացավ իրազեկման սեմինար ՀՌՀ ուսանողների հետ բյուջետային ուսումնական ծրագրի վերաբերյալ

Մարտի 20-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ իրազեկման սեմինար Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ։

Սեմինարի սկզբում Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Ժիրայր Արամյանը ողջունեց ուսանողներին և հորդորեց, որպեսզի մասնակցեն ուսումնական ծրագրի և ստանան բյուջետային կարևոր գիտելիքներ։

Այնուհետև, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը ներկայացրեց Ծրագրի նպատակը, թիրախային ոլորտները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ուսանողներին ծանոթացրեց նորաստեղծ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակի հետ։ Ապա բանախոսը անցում կատարեց բյուջետային ուսումնական ծրագրին՝ ներկայացնելով Ծրագրի շրջանակներում նախատեսվող երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագիրը՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։

Սեմինարի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ նաև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, Ծրագրի բյուջետային փորձագետ Լիլիթ Հակոբյանը, որն առավել մանրամասն ներկայացրեց Ծրագրի բյուջետային բաղադրիչը և մասնակիցներին հորդորեց ուսուցմանը մասնակցել և ստանալ բյուջետային հանրամատչելի գիտելիքներ։

Ամփոփելով սեմինարը ուսուցմամբ հետաքրքրված ուսանողները հնչեցրեցին իրենց հետաքրքրող հարցերը ուսուցման ժամկետների, փուլերի և դիմելու կարգի վերաբերյալ։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: