Commitment to Constructive Dialogue

Ֆոկուս խմբային քննարկում պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ

Ֆոկուս խմբային քննարկում պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ

 

Ապրիլի 2-ին «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ թվով 4-րդ ֆոկուս խմբային քննարկումը՝ պետության և համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ։

Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում թույլատրելի համարվող նվերների, նվերների հանձնման, և պետության ու համայնքի սեփականությունը դարձող նվերների տնօրինման գործընթացի վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարձրացնել և արձանագրել գործընթացում առկա խնդիրներն ու խոչընդոտները։

Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը խոսեց ԲԿԳ հանձնառության շրջանակներում նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտի կատարելագործման և նվերների ընդունման արգելքը պահպանող մարմնի սահմանման ուղղությամբ կատարված աշխատանքների՝ առկա և նախատեսվող օրենսդրական կարգավորումների մասին։

Ֆոկուս խմբային քննարկման ընթացքում բարձրացվեցին հարցեր միջազգային փորձում առկա հաջողված մեխանիզմների տեղայնացման, պետական գույքի կառավարմանը հանձնված նվերների վիճակագրության վարման կարգի, ինչպես նաև քննարկվեցին պրակտիկայում իրավիճակային հանդիպող դեպքեր։

Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող   «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։