Հասարակական կազմակերպությունների բարձրագույն մարմնին օրենքով վերապահված իրավասություններում մի շարք փոփոխություններ են կատարվել: Այսօր Վանաձորում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացի ժամանակ ասաց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ առաջարկելով ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
Պարոն Զադոյանը այնուհետև ներկայացրեց բարձրագույն մարմնի`ժողովի, ինչպես նաև գործադիր մարմնի իրավասությունները: Թվարկելով ժողովի իրավասությունները, նա հայտնեց. «Ժողովի իրավասությունների մեջ մտնում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին որոշումներ ընդունելը, կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում վարձատրության կարգը և պայմանները սահմանելը և այլն»:
Ժողովի հաստատում է նաև ռազմավարությունների մշակումը, Կարեն Զադոյանը խորհուրդ տվեց ՀԿ-ներին այս հարցին ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Դրական նորամուծություններին զուգահեռ նոր օրենքում կան խնդրահարույց նորմեր պարունակող լուծումներ, դրանցից առաջնայինը կապված է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ, այստեղ առկա են մի շարք վիճահարույց դրույթներ՝ շրջանառության, ավելացված արժեքի և շահութահարկի ոլորտներում, ինչպես նաև խնդիրներ կան առևտրային կազմակերպությունների հետ ազատ տնտեսական մրցակցության տեսանկյունից, ՀԿ-ների գործունեության արդյունավետությանը խոչընդոտող դրույթներ առկա են նաև վերակազմավորմամբ գրանցման և կամավորական աշխատանքի հատվածներում:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էր նաև Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով խոսելով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից, նշեց, որ նախատեսվում է վեր հանել 9 խնդրահարույց ոլորտներ և դրանց լուծում տալ. «Մենք ոչ թե վերևից եք ներքև իջնում, այլ ներքևից՝ վեր, այսինքն՝ առանձնացրել ենք խնդիրներն ու ասում ենք՝ եկեք լուծենք, այլ քննարկումների միջոցով վեր ենք հանում դրանք»,- ասաց պարոն Շագաֆյանը:
Հանդիպման ընթացքում ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց առաջիկայում ստեղծվելիք ինկուբատորների գաղափարը՝ ընդգծելով, որ Երևանում և մարզերում ՀԿ-ներին մասնագիտական գիտելիքներ կտան ոչ միայն տեղական, այլ օտարերկրյա փորձագետները:
Հիշեցնենք՝ 2016թ․ դեկտմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը, այն ուժի մեջ մտավ 2017թ․ փետրվարի 4-ին։ Օրենքը մի շարք նորամուծություններ և խնդրահարույց նորմեր է պարունակում։ Դասընթացները տեղի են ունենում Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում, հերթական ուսուցումը նախատեսված էր Լոռու մարզի կազմակերպությունների համար։
Դասընթացից հետո հասարակական կազմակերպությունների մի քան ներկայացուցիչների Կարեն Զադոյանը իրավաբանական խորհրդատվություն մատուցեց։
Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան