Հասարակական կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխությունները կատարելու կամ այլ որոշումներ ընդունելու նպատակով հասարակական կազմակերպության բարձրագույն մարմնի նիստ գումարելիս մայր օրենքը մեկ պահանջ է դնում․ «Համաձայն՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի՝ անհրաժեշտ քվորումը կազմակերպության անդամների կամ պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին է, բացի այդ օրենքը հնարավորություն է տալիս որոշումների ընդունման կարգը նախատեսել կանոնադրությամբ։ Նախկինում կանոնադրության փոփոխությունները 2/3-րդով էր կատարվում»,- այսօր Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դասընթացի շրջանակներում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։
Պարոն Զադոյանի խոսքերով՝ կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաև նախատեսվել նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ՝ անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին, Ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու վայրի և ժամանակի մասին մասնակիցներին ծանուցելու եղանակները և ժամկետները, ինչպես նաև անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջները, գործունեության կազմակերպմանն առնչվող՝ օրենքին չհակասող այլ դրույթներ:
Նոր օրենքով կազմակերպությունները անմիջական ձեռնարկատիրական գործունեության ծավալելու հնարավորություն են ստանում, մինչ այդ ՀԿ-ներն դա իրականացնում էին միայն առևտրային կազմակերպությու հիմնելու կամ դրա մասնակից լինելու եղանակով․ «Այսուհետ կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից»,- նշեց պարոն Զադոյանը:
Փոխվել է նաև հաշվետվողականության պահանջները․ «Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում: Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ»,- հայտնեց բանախոսը։
Չհաշված դրական լուծումների, օրենքը պարունակում է նաև մի շարք խնդիրներ, պարոն Զադոյանը մանրամասնեց՝ խնդրահարույց է հենց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու գործընթացը՝ ավելացված արժեքի հարկի, շահութահարկի ոլորտը և այլն։
Ծրագրի ղեկավարն այսօր բացի դասընթացիցիարվաբանական խորհրդատվություն տրամադրեց նաև կազմակերպության ներկայացուցիչներին՝ մեկ առ մեկ պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Դասընթացին ներկա հասարակական կազմակերպությունների համար սա լավ հնարավորություն էր ծանոթնալու օրենսդրական փոփոխություններին․ «Շատ կարևոր էր, քանի որ երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե այս փոփոխությունները ինչ էր և ինչ է պետք անել, տարբեր տեղերից փորձել եմ հարցերով պարզել, բայց սպառիչ պատասխան չունեի, այսօր շատ սպառիչ պատասխաններ ստացա»,- ասում է «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը։
Միջոցառումը Արմավիրում կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործընկեր Արմավիրի զարգացման կենտրոնի աջակցությամբ` կենտրոնի գրասենյակում:
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան