Commitment to Constructive Dialogue

Ամփոփվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և պլանավորվեցին հետագա քայլերը

Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) Գավառի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ  ամփոփվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպություններին տրամադրված անվճար իրավաբանական  աջակցության արդյունքները, քննարկվեցին և պլանավորվեցին հետագա աշխատանքները:

Գեղարքունիքի մարզում  կատարված աշխատանքները ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանին ներկայացրեց ծրագրի մարզային պատասխանատու, իրավաբան Լիանա Մակվեցյանը: 

Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանի հետ քննարկվեց Լիանա Մակվեցյանի կողմից մարզային ՔՀԿ-ների քարտեզագրման աշխատանքների իրականացման, ՔՀԿ-ների համար հիմնադրվելիք ինկուբատորների ծրագրի մշակման, մենթորների աշխատանքի համագործակցության ապահովման հարցերը, ինչպեսև  հետագա աշխատանքների պլանավորում կատարվեց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով պայմանավորված ՀԿ-ների կանոնադրությունների փոփոխությունների ենթարկելու ընթացքը, ՀԿ-ների վերագրանցման հարցերը: 

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: