Մինչև մյուս տարվա փետրվարի 4-ը հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են իրենց կանոնադրությունները վերանայել, համապատասխանեցնել նոր օրենքին և անվճար գրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ այս մասին այսօր ՀԿ ներկայացուցիչներին հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի վերաբերյալ կազմակերպված դասընթացին։
«Արդեն իսկ բավական մեծ թվով կանոնադրություններ, որոնք մեր իրավաբանների կողմից խորհրդատվության և օգնության շնորհիվ վերանայվել են և ներկայացվել են գրանցման․ մի մասն արդեն իսկ վերագրանցվել են, մյուս մասը վերագրանցման փուլում են»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը՝ պատասխանելով ՀԿ ներկայացուցիչների այն հարցին, թե արդյոք օգնություն տրամադրվում է այս հարցում։
Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Այսօր ավելի քան 10 ՀԿ ներկայացուցիչների ներկայացվեցին նոր օրենքով սահմանված խաղի կանոնները, պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանցից խուսափելու միջոցները։ Օրինակ, ռիսկեր կան անմիջական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչներին նախ զգուշացրեց, որ ձեռնարակատիրական գործունեությունից ստացված եկամուտները պետք է ուղղվեն բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակա չեն անդամների կամ ղեկավար կազմի մեջ բաշխելուն:
Այս դեպքում խնդրահարույց է, թե ՀԿ-ները ինչ կարգով են հարկվելու, նրանց ստացած որ տիպի եկամուտներն են հարկման ենթակա, և այլն։
Դասընթացի մասնակիցները մեծապես կարևորեցին նման դասընթացների անցկացումը, նշելով, որ այն արդյունավետ է հետագա գործունեությունը օրինական դաշտում և առանց խոչընդոտների շարունակելու համար։
Դասընթացի ավարտին մի շարք ՀԿ ներկայացուցիչներ գրանցվեցին՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։