Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվորեն սկսել են աշխատանքներ տանել իրենց կանոնադրությունները օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանը անվճար իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է մատուցում բոլոր ՀԿ ներկայացուցիչներին՝ կանոնադրությունը վերանայելու և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելու հարցում։
Անվճար իրավաբանական խորհրդատվության և օգնության համար դիմում են Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում և հարակից համայնքներում գործող հասարակական կազմակերպությունները:
Նախորդ շաբաթ պետական ռեգիստրից իրենց կանոնադրությունների գրանցման վերաբերյալ վկայականներ են ստացել Գավառում գործող «Արժանապատիվ սերունդ» և «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ները:
Օրեր առաջ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գավառի գրասենյակում Լիանա Մակվեցյանը հանդիպում է ունեցել «Գեղամա» փրկարար ջոկատ» ՀԿ-ի նախագահ Հայկ Աբրահամյանի և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանի հետ, ովքեր դիմել են կանոնադրության դրույթները «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու համար:
Այս կազմակերպությունները ավելի վաղ մասնակցել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներին:
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: