Ներկայումս 5000-ից ավել հասարակական կազմակերպություն է գրանցված Հայաստանում, սակայն դրանցից քչերն են, որ իսկապես գործունեություն են ծավալում։ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի պահանջն է կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանեցումը նոր օրենսդրությանն ու գրանցումը իրավաբանական անձանց պետռեգիստրում։ Եվ նոր օրենքի այս պահանջի արդյունքում թերևս կմնան միայն իրապես գործող ՀԿ-ները։ Այս մասին ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը՝ ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացի ժամանակ:
Այսօր ավելի քան 10 ՀԿ ներկայացուցիչների ներկայացվեցին նոր օրենքով սահմանված խաղի կանոնները, պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանցից խուսափելու միջոցները։ Օրինակ, ռիսկեր կան անմիջական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչներին նախ զգուշացրեց, որ ձեռնարակատիրական գործունեությունից ստացված եկամուտները պետք է ուղղվեն բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակա չեն անդամների կամ ղեկավար կազմի մեջ բաշխելուն:
«Մենք իրավաբանական ոլորտը, օրենդրական հարցերն այնքան էլ հեշտ չենք հասկանում: Մեզ, իհարկե, օգնողներ պետք են»,-նշեց Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը՝ կարևորելով նման դասընթացների կազմակերպումը։
Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
«Օրենքում բավականին բացեր կան, օրինակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին, նաև հարկային դաշտում փոփոխություններ կատարելու հետ կապված բացեր կան, որոնք պետք է հետագայում քննարկվեն ու լուծում ստանան»,- նման կարծիք հայտնեց «Ապագան մեր ձեռքերում» ՀԿ հիմնադիր տնօրեն Տիգրանուհի Ալեքսանյանը:
Հարցուպատասխանի միջոցով դասընթացի մասնակիցները նշեցին իրենց հուզող հարցերն ու քննարկման միջոցով ստացան անհրաժեշտ պատասխանները՝ կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը: