Հասարակական կազմակերպություններն իրենց աշխատանքներում կարող են ներգրավել կամավորների և նրանց հետ պայմանագրեր կնքել՝ այդ իրավահարաբերությունները օրինական դաշտ բերելով․ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքն արդեն իսկ նման հնարավորություն տալիս է։ Այս մասին այսօր նոր օրենքի վերաբերյալ ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացին ներկայացրեց իրավաբան Մարատ Ատովմյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կամավորները կարող են ներգրավել միայն այն աշխատանքներում, որոնք ձեռնարակատիրական բնույթի չեն։ Ի դեպ, նոր օրենքով ՀԿ-ները նաև ձեռնարակատիրությամբ զբաղվելու իրավունք են ստացել։ Այս դեպքում կարևոր է հիշել, որ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտները պետք է ծախսվեն բացառապես ՀԿ կանոնադրական նպատակների համար։
Չնայած այս դրական փոփոխություններին, ՀԿ-ները զգուշավոր են այս առավելությունից օգտվելու հարցում․ բանն այն է, որ դեռևս հստակեցված չէ, թե որ եկամուտներն են հարկվելու, որոնք՝ ոչ։ Օրինակ, ձեռնարակատիրական գործունեություն սկսած ՀԿ-ների դրամաշնորհները նույնպես հարկվելու են, թե՝ ոչ։ Այս հարցերի վերաբերյալ դեռևս հստակ պատասխան չկա ՊԵԿ-ից։
Նշենք, որ այս դասընթացը կազմակերպվել էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: