Մեր օրերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ժողովրդավարության լավագույն դպրոցներն են. «ՔՀԿ-ները ավանդաբար հասկացվում են որպես դպրոցներ, որտեղ մարդիկ սովորում են ավելի ներգրավված լինել հանրային գործերում»,- այս մասին նշում է չեխական «Ագորա Սենթրալ Յուրոփ» ՀԿ համահիմնադիր Պավել Միչկան՝ Երևանում կազմակերպված եռօրյա դասընթացին։
Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Որքան ուժեղ են քաղհասարակության կազմակերպության կարողությունները, այնքան նա մեծ հնարավորություն է ունենում կառուցողական երկխոսություն սկսելու պետության հետ և մասնակից դառնալու հասարակության կարքիներից բխող ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Պավել Միչկան ներկայացնում է չեխական փորձն այս ոլորտներում, միևնույն ժամանակ ընդգծում՝ որքան էլ ուսանելի լինի միջազգային փորձը, Հայաստանն ինքնուրույն պետք է գտնի հաջողության իր ուղին։
Իսկ ի՞նչ է պետք կառուցողական երկխոսության համար։ Դասընթացին մասնակցող իսպանացի կամավոր Խոսե Նիկոլաս Դոմինգեզը նշում է․ «Ես հասկացա, որ երկխոսություն կառուցելու համար պետք է աշխատենք միասին։ Պավելն ասում էր, որ եթե քաղաքական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է 6 ամիս, տնտեսական համակարգ ստեղծելու համար վեց տարի, ապա քաղաքացիական մասնակցության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է 60 տարի»։
Իսպանացի կամավոր Սիլվիա դե Բենիտոն էլ կարևորում է դասընթացի ժամանակ շեշտադրված մեկ այլ գաղափար․ «Շատ կարևոր է հասկանալ վստահություն բառի իմաստը։ Օրինակ, եթե ինձ կողոպտում են, ես կգնամ ոստիկանություն, քանի որ վստահում եմ։ Եթե բացակայում է վստահությունը պետական համակարգի հանդեպ, խոսք չի կարող լինել ժողովրդավարության մասին»։
Սլովակ փորձագետ Պիտեր Գուշտավիկը դասընթացին ներկայացրեց իշխանության և քաղհասարակության միջև վստահության կառուցման գործողությունները։ Ինչու՞ մարդիկ չեն ներգրավվում հանրային քննարկումներին, հանրային քաղաքականությունների մշակմանը։ Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Շագաֆյանի խոսքով, պատճառներից մեկը հետևյալն է․ «Նրանք, ովքեր կոչված են կազմակերպել այդ երկխոսությունը կամ ներգրավել քաղհասարակությանը այդ խնդիրներիների քննարկման և լուծման մեջ, միգուցե այնքան էլ արդյունավետ միջոցներով չեն այդ անում, ավելի նեղ թիրախի են դիտարկում, կամ իրենց համար հարմար թիրախներ են ընտրում, ինչի համար միշտ չէ որ ակտիվ է լինում հասարակությունը»։
Դասընթացի մասնակիցներից Հայկուհի Ալավերդյանը մեծապես կարևորում է դաստիարակությունն ու կրթությունը․ երբ դպրոցական տարիքից ի վեր մարդը տեսնում է, որ իր խոսքը չի կարևորում, պասիվ լինելու մատծողություն է ձևավորվում նրա մոտ․ «Քաղաքացին չի էլ մտածում սեփական միտքը, գաղափարն առաջ տանելու համար, առավել ևս հավատալ, որ այն հաշվի կառնվի և իր պայքարը հաղթանակի կհանգեցինի։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակներից մեկը հասարակությանն արթանցնելն է, արթնացնելը քաղաքացիական գիտակցությունը և հավատալ, որ խնդիրը կարող է լուծվել իրենց իսկ առաջարկած սցենարով»։
Նշենք, որ եռօրյա դասընթացից հետո հոկտեմբերի 12-ին և 13-ին «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ համահիմնադիր Պավել Միչկան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հանդիպումներ է ունեցել արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների։
Պետական կառույցների ներկայացուցիչները կարևորել են ծրագրի իրականացումը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը հնարավոր աջակցություն ցուցաբերել ծրագրի հաջող իրականացման համար։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականցվում է 6 կազմակերպության կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: