Commitment to Constructive Dialogue

Իրավաբանական անձանց միությունները փաստի առաջ են կանգնել՝ օրենսդրական փոփոխությունների հետևանքով

Իրավաբանական անձանց միությունները փաստի առաջ են կանգնել՝ օրենսդրական փոփոխությունների հետևանքով։ Ներկայիս խնդիրների մասին այսօր պետական մարմիների և շահագրիգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում եղավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
 
Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին և վերագրանցվել, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավաբանական անձանց միությունները, որպես այդպիսին, դադարելու են գոյություն ունենալ և պետք է վերագրանցվեն որպես հասարակական կազմակերպություններ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների շրջանակում հասարակական կազմակերպություն կարող են հիմնադրել և ֆիզիկական անձինք, և իրավաբանական անձինք։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացի հիմնական խնդիրն այն է, որ, ըստ արդարադատության նախարարության դիրքորոշման,  «վերագրանցում» տերմինն օրենսդրորեն չի սահմանվում, հետևանար անհրաժեշտ է վերագրանցվելիս ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման համար պահանջվող փաստաթղթեր:

Իսկ վերակազմավորման արդյունքում ստեղծված հասարակական կազմակերպության հիմնադիր բոլոր իրավաբանական անձիք այս պարագայում, բացի հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին ընդհանուր ժողովի որոշումից, պարտավոր են ներկայացնել նաև իրենց առանձին որոշումները դրա վերաբերյալ:

Այս կապակցությամբ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ իրենց միությունը հիմնադրվելիս ունեցել է շուրջ 900 անդամներ, իսկ համայնքների վերջնական խոշորացումից հետո ունենալու են ավելի քանի 500 անդամ։ Հետևաբար, սա անհամաչափ և անիմաստ բեռ է իրավաբանական անձանց միությունների ուսերին։

Բացի սրանից, պահանջվող փաստաթղթերից մեկը փոխանցման ակտն է, որի վերաբերյալ  ևս առկա են իրարամերժ դիրքորոշումներ և խնդիրներ։ Այս հարցը բարձրաձայնեց քննարկման մասնակից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը։

Ավելի վաղ այս խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական առաջարկներ էր արդարադատության նախարարությանը ներկայացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Իսկ այսօր կազմակերպված քննարկմանը ներկա ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշեց, որ արդարադատության նախարարության կողմից ներկայումս սկսվել է մշակվելօրենսդրական նախագծերի նոր փաթեթ, որը շուտով կներկայացվի հանրային քննարկման: Այդ օրինագծում հաշվի են առնված նաև վերոնշյալ առաջարկությունները:

Աշխատանքային քննարկման ավարտին մասնակից ԻԱՄ-ների կողմից որոշվեց մոբիլիզացնել Հայաստանում գործող ԻԱՄ-ներին և միասնական առաջարկ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարին՝ Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում ԻԱՄ-ներին վերաբերող «վերագրանցում» եզրույթը հստակեցնելու, այն որպես ԻԱՄ-ների կանոնադրության փոփոխությունների գրանցման կատարման միջոցով օրենքին համապատասխանեցնելու` դրանով իսկ ԻԱՄ-ների համար օրենքով սահմանված պահանջները կատարված համարելու մասին։

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին դաշտում գործող հիմնական դերակատարա ԻԱՄ-ները` Հայաստանի համայնքների միությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միությունը, Եվրոպական բիզնես ասոցիացիան, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունը, Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, Հասարակական  պաշտպանների միությունը, Հայաստանի արկածային ճամփորդության ասոցիացիան և այլն:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: