Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 9-ին նշվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։
Միջոցառման ժամանակ քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը ղեկավարում էր Առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկումը։
Նա նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ձևավորի այն միջավայրը, որ կառավարությունը սկսի առաջնորդվել հանրային շահով, իսկ մասնավորի շահը հասցվի նվազագույնի։
Քննարկմանը ներկա առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ համակարգում առաջնային խնդիրներից է ֆինանսավորման խնդիրը, ինչն իր հերթին կոռուպցիոն ռիսկեր է ծնում։
«Բժիշկն ինքն է ստեղծում իր պահանջարկը, և ինքն էլ բավարարում է իր պահանջարկը, ու քիչ մասնագիտություններ կան, որ հնարավոր է այդպես լինել»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը։ Նրա խոսքով, առաջ է գալիս մի հարց՝ ինչպե՞ս պայաքարել դրա դեմ։ Միջազգային փորձը վկայում է, որ պետք է հնարավորինս կանոնակարգվի բժշկի աշխատանքը։ Պետք է փորձել գոնե թվայնացնել առողջական վիճակի գնահատման պրոցեսը և այդ օբյեկտիվ նկարագրի հիման վրա ստանալ որոշումներ կայացնելու նկարագիրը։
«Մեր իրականության մեջ հայտնի է բժիշկների և դեղագործական կազմակերպությունների փոխհամագործակցության մասին»,-զրույցի ընթացքում նման հարց բարձրացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը։ Նա նշեց, որ բժիշկները խորհրդատվությունից հետո դարակից հանում են գովազդային բուկլետներն ու հերթում կանգած 4-5 հիվանդի կարող են նշանակել նույն դեղը։
Ի պատասխան բարձրաձայնված խնդրին՝ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այդ երևույթը համատարած է և ոչ միայն Հայաստանում։ «Խնդիրը հետևյալն է, երբ ՀՀ-ում խոսք է լինում դեղատոմս դուրս գրելու մասին, անմիջապես հակազդեցություն է առաջանում և՛ բժիշկների, և՛ հասարակության կողմից, քանի որ մենք մոռացել ենք բժշկական այն սկզբունքը, որ դեղեր պետք է դուրս գրվեն դեղատոմսով և պարզեցրել ենք դեղ դուրս գրելու պրոցեսը, ինչը բերել է նրան, որ ցանկացած թղթի կտորի վրա, կամ որևէ ֆիրմայի անվանումով թղթի վրա գրել դեղատոմս»,-մանրամասնեց նա։
Խաչատրյանը այս և նմանատիպ կոռուպցիոն ռիսկերի համար որպես լուծում նշեց, որ առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի ներդրումը կարող է փոփոխություններ մտցնել։ «Մյուս տարվա առաջին եռամսյակում դեղերի դուրս գրման էլեկտրոնային հարթակ կսկսի աշխատել։ Հստակ կարելի կլինի տեսնել, թե որ բժիշկը, որ դեղը քանի անգամ և ինչքան է դուրս գրում, բժիշկը այդ դեղը ի՞նչ հիվանդությունների ժամանակ է դուրս գրում»։