Հայաստանի ամերիկյան համալսարանում քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 5-րդ փուլի դասընթացները շարունակվում են: Դասընթացին մասնակցում են Հայաստանի 6 մարզի և Երևանի 15 ՔՀԿ-ների 19 ներկայացուցիչներ։
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման դասընթաց կազմակերպելը շատ լավ միտք է, որովհետև, ինտերակտիվ լինելով, թույլ է տալիս փորձի փոխանակում իրականացնել թե՛ հրավիրված փորձագետների և դասախոսների հետ, թե՛ մյուս մասնակիցների հետ։
«Միակ թերությունն այն է, որ դասընթացի տևողությունն ընդամենը 5 օր է և նման հմտություններն ավելի լավ կլիներ երկարատև սովորեցնեին, ավելի կիրառական, որովհետև տեսականը մի բան է, կիրառականը՝ մեկ այլ բան։ Չնայած, որ փորձագետները միաձայն ասում են, որ դասընթացից դուրս էլ կարող են դիմել, հարցեր ուղղել և խորհրդատվություն ստանալ»,- նշեց Գևորգ Գրիգորյանը։
Մասնակցի խոսքով, դասընթացների ժամանակ նա նաև ստանում է այն հարցերի պատասխանը, թե իրենց կազմակերպության գործունեության ընթացքում այս կամ այն խնդիրն ինչի՞ հետևանքով է առաջացել, կամ ինչպե՞ս պետք է այդ հարցերը կարգավորել։
Արևհատ Պետրոսյանը ներկայացնում է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Նա նշում է, որ քննարկումների ժամանակ գտնում են ՀԿ գործունեության ընթացքում արված բացերը։
«Մի պահ հետ ես նայում քո գործունեությանը և մտածում, թե ինչպե՞ս կարող ես դաս քաղել, ի՞նչ կարող ես անել, որ քո կազմակերպության գործունեությունն առավել լավ իրականացվի և այն ակնկալիքները, որոնք ես ունեմ այս դասընթացներից, այդ ձևով էլ իրականացվում են»։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: