Commitment to Constructive Dialogue

Իրավաբանական անձանց միությունների կողմից հասարակական կազմակերպության վերակազմավորման գործընթացի վերաբերյալ սեմինար

Վերջերս հասարակական կազմակերպությունների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` 2017թ. փետրվարին ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802): Հարկ է նշել, որ օրենքի պահանջով իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպությունների։ Ավելին, 2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են վերոնշյալ օրենքով փոփոխություններ, որոնց համաձայն սահմանված ժամկետում չվերազմավորվելու դեպքում իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման։

Այդ իսկ պատճառով Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է իրավաբանական անձանց միությունների համար սեմինար վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Սեմինարի ավարտից հետո մասնակից իրավաբանական անձանց միությունները հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն օրենքի վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն կստանան իրենց իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

Սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ– կողմից՝ գործընկերներ «Ագոր Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական  և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Սեմինարը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (սեմինարի անցկացման հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան 7/2):

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ սեմինարին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 իրավաբանական անձանց միությունները։

Սեմինարը կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Սեմինարին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ԻԱՄ-ների մասին օրենքի սեմինար25.01.18».

  • Իրավաբանական  անձանց միության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
  • Իրավաբանական  անձանց միության նախագահի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
  • Սեմինարին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Դիմելու վերջնաժամկետն է՝  հունվարի 24-ը, ժամը 18.00-ը ներառյալ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110

Հեռախոսահամար՝ 010 540199

Էլ. փոստ՝ [email protected]