Հասարակական կազմակերպություններն այսուհետ կարող են զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն կազմակերպությունների համար այնքան էլ պարզ չէ, թե ո՞րն է այն և ինչպե՞ս պետք է ճիշտ կազմակերպել այդ գործընթացը։
Այս թեմայով “STRONG CSOs” ծրագրի ՀԿ կարողությունների զարգացման նախագծի ժամանակ Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին, Գյումրիում, ավելի քան 18 ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց է կազմակերպվել։ Դասընթացում ներառված էին, մասնավորապես, ՔՀԿ-ների կողմից սոցիալական ձեռնարկատիրություն սկսելու և առաջ տանելու խնդիրների, հարկային կարգավորումների հետ կապված հարցերը։ Այս ամենը ներկայացրեց ծրագրի գործընկեր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։
Նա ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, կառուցողական երկխոսություն սկսելու հմտությունների ձեռքբերումը՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և կառավարության հետ, ինչպես նաև կոալիցիաների կազմումը՝ թիրախային 9 ոլորտներում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Հակոբ Ավագանը ակտիվ հարցերի միջոցով դասընթացի մանսակիցներին ներկայցրեց, թե ե՞րբ իրենց աշխատանքը կարող է համարվել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև նշեց սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու առանձնահատկություններն ու դրանց հաշվապահական հաշվառման վարման նրբությունները։
Դասընթացի մասնակից Էլիզա Պետրոսյանը, ով եկել էր Վանաձորից և ներկայացնում էր «Նոր զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց, որ ՔՀԿ ակտիվ անդամ լինելով հետաքրքրվել է ՀԿ-ների մասին նոր օրենքի փոփոխություններով․ «Այս դասընթացի ընթացքում բազմաթիվ նոր գիտելիքներ ունեցա, սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու համար, ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ, և արդյո՞ք մեր ՀԿ-ն այդ հնարավորությունները ունի, թե՝ ոչ։ Այս գիտելիքները ինձ հետ տանելով, և փորձի փոխանակում կատարելով կազմակերպության մյուս անդամների հետ, բնականաբար արդեն կարող ենք վերջնական արդյունքոի հանգել»,-ասաց նա։
«Դասընթացը շատ հետաքրքիր էր, քանի որ մեր հասարակական կազմակերպությունը նախկինում չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և չի զբաղվել դրա առանձնացված հաշվապահական հաշվառման վարմամաբ և այս դասընթացի միջոցով հետաքրքիր էր իմանալ հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները՝ ՀԿ ոլորտում»,-նման կարծիք հայտնեց Աննա Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր «Համայքային զարգացման սոցաջակցության կենտրոն» ՀԿ-ն։
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: