Այսօր՝ փետրվարի 28-ին, քաղհասարակության կազմակերպության 16 ներկայացուցիչ մասնակցեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ամրագրված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին, որը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինասնավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակիր ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը ներկայացրեց, թե որ դեպքերում է ձեռնարակատիրությունը համարվում սոցիալական, ինչպե՞ս է այն կազմակերպվում, ինչպես պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը և այլ կարևոր հարցեր։
«Օրենսդրական դաշտում ՀԿ-ների մասին փոփոխություն է եղել։ Ավելացվել է սոցիալական ձեռնարկատիրություն գաղափարը, որին մենք նոր-նոր ենք սկսել ծանոթանալ և գործել։ Սոցիալական ձեռնարկատիրության մասին մենք խոսեցինք, քննարկեցինք և բավականին նոր բաներ սովորեցինք։ Կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք քննարկեցինք և որոշեցինք նախաձեռնական խմբով առաջարկություններ ներկայացնել»,-ասաց «Ծաղկած նշենի» ՀԿ ներկայացուցիչ Երազիկ Ալավերդյանը։
Արման Ղազարյանը, ով ներկայացնում էր «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն նշեց, որ նման դասընթացներն օգտակար են հասարակական կազմակերպությունների համար, քանի որ վերաբերում են խիստ մասնագիտական ոլորտներին, ինչպիսին է օրինակ ՀԿ դաշտը կարգավորող օրենսդրությունը, հարկային մի շարք առանձնահատկություններ և այլն․ «Այս հանդիպումների շրջանակում ստանալով մասնագիտական խորհրդատվություն՝ միանշանակ մենք կարող ենք ավելի արդյունավետ կառավարել մեր կազմակերպությունները, խուսափել տարբեր տեսակի ռիսկերից և, ինչու չէ՝ նաև կարողանալ ճիշտ փաստաշրջանառություն ապահովել»,-նշեց նա։
Հավելենք, որ Հակոբ Ավագյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։ Նա նշեց, որ այն ուղղված է ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացմանը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա, ինչպես նաև արդյունավետ ու կառուցողական երկխոսություն սկսելու հմտությունների ձեռքբերմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության հետ։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: