Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 6-ին 13 քաղհասարակության կազմակերպության ներկայացուցիչ մասնակցեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ դասընթացին։
Դասընթացի մասնակիցները մեծամասմաբ կանայք էին, ովքեր ակտիվորեն ներգրավված են հասարակական աշխատանքներում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Մերի Հարությունյանը ներկայացրեց, որ կարևորագույն փոփոխություններից մեկն այն է, որ այլևս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնել և գրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Մեկ այլ կարևոր փոփոխություն վերաբերում է ՀԿ-ի անվանմանը.
«Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ՀԿ-ն ցանկանում է իրա անվան մեջ օգտագործել «Հայաստան» բառը: Մինչև այս տարի կատարված փոփոխությունները, ՀԿ-ն «Հայաստան» բառը չէր կարող ազատ օգտագործել, և օգտագործելու դեպքում պետք է անպայման պահպաներ կառավարության կողմից սահմանած կարգը: Այժմ կազմակերպություններն ազատ են գործածել ոչ միայն «Հայաստան», այլև՝ «Հայաստանի Հանրապետություն» բառերը»,- ասաց Մ. Հարությունյանը։
«Փոփոխությունները հակիրճ և մատչելի ներկայացվեցին. դրանք կարող են ազդել նաև մեր կազմակերպության գործունեության վրա և շատ կարևոր է իրազեկվելը»,- ասաց «Հաջողակ կին» ՀԿ ներկայացուցիչ Աիդա Համբարձումյանը։
«Դասընթացավարը հմուտ, պրոֆեսիոնալ իրավաբան էր: Կարևոր էին նախկին և փոփոխված դրույթների մասին տեղեկությունները, ընթացակարգերը և այլն»,-մեզ հետ զրույցում նշեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: