Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում 16 քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ նոր գիտելիքներ ստացան առցանց գործիքների վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը մեծացնելու։
Դասընթացը կազմակերպվել էր մարտի 19-ին, Երևանում։
«Տեղեկատվական տեխնոլգիաների հետ կապված շատ նորություններ իմացանք և դրանք կարող ենք կիրառել՝ աշխատանքը արդյունավետ և ավելի լավը դարձնելու համար։ Շատ հետաքրքիր էր էլեկտրոնային փոստերի բազաների հետ աշխատելու, ուղարկված նամակների կարդացված կամ չկարդակացվածշ լինելու վերաբերյալ տեղեկությունը»,- ասաց «Հաշվապահության միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Անի Առաքելյանը։
Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն նախագահ Մարի Չաքրյանը նշում է, որ դասընթացրի արդյունքում նոր գիտելիք ստացան, թե ինչպես հետադարձ կապ ունենալ այն անձանց հետ, ովքեր կարդում ու հետաքրքրվում են կազմակերպության գործունեությամբ, կատարած հետազոտություններով․ «Կային այնպիսի գործիքներ, որոնց մասին երբեք չես մտածել, դրանք կարծես հուշումներ էին, որ ճիշտ ուղղությամբ աշխատես, ավելի վիզուալ դարձնես կազմակերպության գործունեությունը»։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ավելի քան 7 առցանց գործիք, որոնց միջոցով հնարավոր է դառնում ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը և տեսանելիությունը։
Եթե Դուք նույնպես հասարակական գործիչ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: