Commitment to Constructive Dialogue

70 ՔՀԿ իրազեկվեց նոր դրամաշնորհային ծրագրին դիմելու պայմաններին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրման առաջին փուլը սկսված է. դրան դիմել կարող են ոչ պետական և ոչ առևտրային քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաները/ցանցերը: Մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ ստանալու համար դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում շուրջ 70 ՔՀԿ անդամի ներկայացրեց դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները:

Այս ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրային մի շարք ոլորտներում առկա խնդիրների լուծման և արդյունքների հասնելու համար հարկավոր են ՔՀԿ-ների համատեղ ջանքերն ու մասնակցությունը, կառավարության հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։

Այս գործողությունները կարող են իրականացվել ինչպես ստեղծված և գործող ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի), այնպես էլ նոր ստեղծվելիք կոալիցիաների (ցանցերի) կողմից: Եվ ծրագրի դրամաշնորհային փուլի  նպատակը ծրագրի թիրախային 9 ոլորտում ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելն է կամ օժանդակելն արդեն գործողներին՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման հարցերում։

Թիրախային 9 ոլորտներն են՝ արդարադատություն (1), մարդու իրավունքներ (2), հանրային ֆինանսների կառավարում (3), բիզնես (4), կրթություն (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում (6), գյուղատնտեսություն (7), տնտեսություն (8), Էներգետիկա (9):

Նախատեսվում է նաև երկրորդ փուլով դրամաշնորհների տրամադրում, որի մեկնարկը կլինի առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Այս փուլը ոչ մրցութային է և դրամաշնորհները (մինչև 8,5 միլիոն դրամ) տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց կողմից իրականացվող ծրագրերը կգնահատվեն արդյունավետ:

Դրամաշնորհներ ստանալու կարգն ու պայմանները ներկայացնելիս Կարեն Զադոյանը պատասխանեց մեծաքանակ հարցերի, որոնք վերաբերում էին դրամաշնորհ ստանալու ընթացակարգին և դրամաշնորհային ծրագրի իրականացմանը:

Եթե Դուք հետաքրքված եք դիմել դրամաշնորհային այս ծրագրին, ապա մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

Սեմինարի մասնակիցների ցանկը կարող ենք ծանոթանալ այստեղ։