Commitment to Constructive Dialogue

Արարատում ՔՀԿ-ները իրազեկվեցին՝ ենթադրամաշնորհին դիմելու հնարավորության մասին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին, Արարատ քաղաքում 6 ՔՀԿ ներկայացուցիչների ներկայացվեց ՔՀԿ-ների կոալիցիաների համար հանրային քաղաքականությունների ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրին ենթադրամաշնորհների դիմելու համար պահանջվող պայմաններին:

Այս փուլում հայտարարվել է ՔՀԿ-ների կոալիցիաներին տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլը:

Կազմակերպությունները կարող են կոալիցիաներ կազմել սկսած 4 կառույցներից, որոնցից մեկը պետք է նախապես մասնակցած լինի ծրագրի շրջանակներում կազմակերպված և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման 5-օրյա դասընթացին:

Նշենք, որ մասնակիցների համար Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց տեխնոլոգիական մի քանի համակարգեր, որոնք կարող են հեշտացնել և ավելի արդյունավետ դարձնել, դրանցից էին  MadMimi.com էլեկտրոնային նամակներ ուղարկելոըւ և դրանց հետևելու համակարգը, Appear.in որակյալ տեսակապով հեշտ վիդեոզանգեր կատարելու համակարգը և այլն:

Հակոբ Ավագյանը ներկայացրեց «ՀԿ-ների մասին» օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, թե ինչպես ճիշտ և համակարգված հաշվապահություն վարեն: Նա նաև խոսեց սոցիալական ձեռնարկատիրության մասին և թե ինչպես պետք է ՀԿ-ները մուտք գործեն այս դաշտ:

Արարատի մարզում գործող «Սվետոզար կրթական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Օլգա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը դժվարություններ է ունենում տեղեկատվություն տարածելու հետ կապված. «Եղել է, որ էլեկտրոնային նամակներ ենք ուղարկել, չենք կարողացել կապ հաստատել մարզպատարանի հետ, օրինակ՝ դպրոցի տնօրենների հետ, որտեղ ցանկացել ենք միջոցառում անցկացնել: 60 դպրոցի ուղարկել ենք նամակները, որոնցից 1-ն է արձագանքել, մնացածը չգիտենք էլ՝ հասել է, թե՝ ոչ, իսկ այս համակարգերով հնարավոր կլինի դրանք կառավարել»,-նշեց Օլգա Բաղդասարայանը:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Վարդիթեր Ղազարյանը նշեց, որ  կազմակերպությունը գործում է Արտաշատում և առաջիկայում մտադրություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. «Դասընթացի շնորհիվ որոշ մանրամասներ իմացանք, կարևորը պարզաբանվեցին օրենքից որոշ դրույթներ, որոնք անհասկանալի էին»,- ասաց Վարդիթեր Ղազարյանը:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: