Commitment to Constructive Dialogue

Դրամաշնորհների համար Գորիսի քաղհասարակության կազմակերպությունները կոալիցիաներ են կազմում

Այսօր՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղհասարակության 19 ներկայացուցիչների համար ներկայացվեց ՔՀԿ-ների կոալիցիաների համար հանրային քաղաքականությունների դրամաշնորհային ծրագիրը:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրին ենթադրամաշնորհների դիմելու համար պահանջվող պայմանները:

Կարևոր է իմանալ, որ դրամաշնորհներ ստանալու համար հայտ  ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Կազմակերպությունները կարող են կոալիցիաներ կազմել սկսած 4 կառույցներից, որոնցից մեկը պետք է նախապես մասնակցած լինի ծրագրի շրջանակներում կազմակերպված և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված ՔՀԿ-ների կարողությունների զարգացման հավաստագրային դասընթացին:

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը մասնակցություն է ունեցել Ամերիկյան համալսարանում կազմակերպված դասընթացին. «Այժմ մեր ՀԿ-ի շնորհիվ Գորիսում ստեղծվել է «ՀԿ տուն»-ը, որում ընդգրկված է 9 ՀԿ: Մենք այժմ ցանկանում ենք միասին հայտ ներկայացնել դրամաշնորհ ստանալու համար»: Նա նաև նշեց, որ նախնական որոշման համաձայն, իրենց ծրագիրը կրթության ոլորտին է վերաբերելու:

Կարմեն Ափունցը, ով Գորիսի ֆրանսախոսների մշակույթի կենտրոնի ղեկավարն է, հանդիպումը կարևորեց հատկապես իր արդյունավետության առումով: «Մենք փորձում ենք նաև դիմել ենթադրամաշնորհի համար, դա ավելի կզարգացնի ՀԿ»,-ասաց Կարմեն Ափունցը: Նրանք արդեն ունեն նախընրած մի քանի կազմակերպություն, որոնց հետ պատրաստվում են միասնական հայտ ներկայացնել:

«Քանի որ մեր կազմակերպությունը մասնակցել էր Ամերիկյան համալսարանում կազմակերպված դասընթացին և ընդգրկել է Սյունիքի մարզի ինկուբատորների կազմում, մեր հետաքրքրվածությունը շատ բարձր է: Մենք արդեն քննարկել ենք, թե ում հետ ենք ցանկանում դիմել ենթադրամաշնորհի համար: Նշեմ, որ մեր կենտրոնը 6 քույր կազմակերպություններ ունի այլ մարզերում, արդեն մյուս կենտրոնների հետ մոտակա օրերս կհստակեցնենք այն ոլորտը, որով գործունեություն կծավալենք»-այս մասին ասաց «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Ալեքսանյանը:

Ծրագրի նպատակը թիրախային 9 ոլորտում (արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությու, տնտեսություն, էներգետիկա) ՔՀԿ-ների կոալիցիաներ ստեղծել: Կազմակերպությւոնները կարող են նաև օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին): Այս միջոցով կապահովվի դրանց ազդեցությունը նշված ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ինչպեսև այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։

Նշենք, որ մասնակիցների համար Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց տեխնոլոգիական մի քանի համակարգեր, որոնք կարող են հեշտացնել և ավելի արդյունավետ դարձնել, դրանցից էին  MadMimi.com էլեկտրոնային նամակներ ուղարկելոըւ և դրանց հետևելու համակարգը, Appear.in որակյալ տեսակապով հեշտ վիդեոզանգեր կատարելու համակարգը և այլն: Նա նա խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել կազմակերպությունների Twetter-ի էջին:

Հակոբ Ավագյանը ներկայացրեց «ՀԿ-ների մասին» օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, թե ինչպես ճիշտ և համակարգված հաշվապահություն վարեն: Նա նաև խոսեց սոցիալական ձեռնարկատիրության մասին և թե ինչպես պետք է ՀԿ-ները մուտք գործեն այս դաշտ:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: