2018 թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:30, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա միջոցառում՝ ««Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կրթության և սոցիալական ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացում, քննարկում և առաջարկությունների ամփոփում. ծրագրի շրջանակներում այդ խնդիրների լուծմանը ուղղված գործողությունների ներկայացում» խորագրով:
Միջոցառմանը կմասնակցեն կրթության և սոցիալական ոլորտների պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու փորձագետներ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի բյուջեն կազմում է 2.222.256 եվրո, որի 2.000.000 եվրոն տրամադրում է Եվրոպական միությունը:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի շրջանակներում 9 թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար ուսուցումներ են կազմակերպվելու հետևյալ թեմաներով՝ պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրների հատկորոշում, ըստ դրանց՝ հանրային քաղաքականությունների վերլուծություն և մշակում, կոալիցիաների կառուցում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Այնուհետև, պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերով համատեղ վեր են հանվելու 9 թիրախային ոլորտներում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով մշակվելու են վերհանված խնդիրների լուծմանն ուղղված հանրային քաղաքականություններ: