Այսօր՝ ապրիլի 20-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության 23 ներկայացուցիչների և փորձագետների համար ներկայացվել է բիզնեսի և հարակից ոլորտներում հատկորոշված խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բիզնես ոլորտում առկա խնդիրների և ծրագրի շրջանակներում այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները։
Ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը և ծրագրի թիրախային ոլորտներից մեկի՝ բիզնես ոլորտում առկա խնդիրները։ Գերակա խնդիրներից մեկը ՀՀ-ում գործարար շահերի պաշտպանության՝ բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հարցն է։
Հակոբ Ավագյանի խոսքով, արդեն չորս տարուց ավել է, ինչ այս ինստիտուտի ներդրման կարևորության մասին քննարկումներ են ընթանում:
«ՓՄՁ ասոցիացիայի, նախկին կառավարության աշխատակազմի և ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների հետ 2015թ-ին մշակվեց օրենքի առաջին նախագիծն ու հայեցակարգը: Ավելին, 2015թ-ին ՎԶԵԲ-ի տարեկան ամփոփիչ ժողովի ժամանակ Հայաստանը որպես ներդրումների համար բարենպաստ երկիր միջոցառման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարը պաշտոնապես հայտարարեցին ՀՀ-ում բիզնես օմբուդսմենի ներդրման պատրաստակամության մասին, որպես ՀՀ-ում ներդրումների ներգրավման ևս մեկ երաշխիք»,-ասաց հակոբ Ավագյանը:
Նա նշեց, որ բիզնես օմբուդսմենի գրասենյակի ներդրման կարևորության հարցը ներկայացվել է նաև ՀՀ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի կողմից՝ 2015-16 թվականներին: Գործարար շահերի հաշտարարի գրասենյակի ներդրման հարցը տեղ է գտել միայն վերջին կառավարության ծրագրում՝ 2016թ-ի աշնանը: «Սակայն վերջին տեղաշարժն այս հարցով, որ արձանագրել ենք, դա եղել է 2017թ-ի ամռանը, երբ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագիծը դրվեց հանրային քննարկման և այնուհետև ոչ մի տեղաշարժ չունենք մինչ այսօր»,-հավելեց Հակոբ Ավագյանը:
ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը խոսեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ռազմավարության ընդունման և կիրառման մասին։ Հատկանշական էր, որ ներկաներից քչերը գիտեին, որ Հայաստնում մշակվել է ՓՄՁ ռազմավարությունը։ Այստեղ որպես խնդիր վեր հանվեց ռազմավարության կենսունակ և կիրառելի դարձնելու հարցը։
Բիզնես շահերը ներկայացնող կառույցներին մտահոգում էր այն փաստը, որ ռազմավարությունն ընդունվում է առանց գործողությունների ծրագրի և մինչ այժմ առկա չէ որևէ մեխանիզմ՝ ռազմավարությունով նախատեսված գործողությունների նկատմամբ վերահսկողության և սահմանված գործողությունների կատարման հսկման, պարտադրման և այլնի հետ կապված։
Բիզնես շահերը ներկայացնող կառույցները ևս կարևորեցին Հայաստանում գործարար շահերի պաշտպանությունը ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու հարցը։ Այն երաշխիք կլինի օտարերկրյա ներդրողների համար, ՓՄՁ-ներին վերաբերող վեճերը կլուծվեն արտադատարանական կարգով, հնարավորություն կլինի հավաքագրել, մշտադիտարկել բիզնեսից եկող բողոքներն ու խնդիրները և դրանց համար հետևողական լուծումներ գտնել:
Խնդիրներ կան նաև գյուղատնտեսության ոլորտում, դրանցից մեկը գյուղմթերքի սպառման շղթայի ապահովումն է։ Այս մասին հարցերը ներկայացրեց «ՕՔՍՖԱՄ Հայաստան» ծրագրի փորձագետ Արթուր Գոմկցյանը։
Մասնակիցները քննարկել են խնդիրն այն տեսանկյունից, թե ինչ մեխանիզմներ կարելի է մշակել, որեսզի գյուղացիները քիչ աշխատանք ունենան առքուվաճառքի, շուկայի հետ, իսկ դրա փոխարեն՝ զարգացնեն տնտեսությունը։ Գյուղացիները բավական ժամանակ են ծախսում ապրանքի իրացման համար, այնինչ նրանք պետք է զերծ մնան նման խնդիրներից, պետք է գործողությունների այնպիսի շղթա ստեղծվի, որ գյուղացիները մտածեն միայն մթերքի, դրա որակի մասին, այլ ոչ՝ սպառելու։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցներին ներկայացրեց, որ մինչև ապրիլի 30-ը քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն ՔՀԿ կոալիցիաներ (ցանցեր) ձևավորել և դիմել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հատկացվող դրամաշնորհ ստանալու համար։
Նա նշեց, որ ենթադրամաշնորհները տրամադրվելու են ծրագրով թիրախային ընտրված 9 ոլորտնում գործունեություն իրականացնելու համար, որոնք են՝
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով: