Այսօր՝ ապրիլի 20-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, Գավառում քաղհասարակության 18 ներկայացուցիչ իրազեկվել են ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման և մշտադիտարկման դրամաշնորհային հայտեր ներկայացնելու հնարավության մասին։
Դրամաշնորհներին դիմելու պայմանները ներկայացրել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարի տեղակալ, դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը։
Նա նշեց, որ ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլը, որի ժամանակ ՔՀԿ-ները կարող են առնվազն 4 կառույցից բաղկացած կոալիցիա ստեղծել, որը գործունեություն կծավալի թիրախային 9 ոլորտներից՝ (ՀՀ արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման, բիզնեսի, կրթության, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, գյուղատնտեսության, տնտեսության, էներգետիկայի) որևէ մեկի շրջանակում։
Արտակ Սարիբեկյանը հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ ՔՀԿ-ները ենթադրամաշնորհին դիմել կարող են մինչև ապրիլի 30-ը։
Հավելենք, որ դրամաշնորհների մասին ՔՀԿ-ներին իրազեկելու նպատակով ծրագրի կողմից այցեր են կազմակերպվում Հայաստանի տարբեր քաղաքներ:
Գավառում ՔՀԿ ներկայացուցիչների համար ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը և դրանում կատարված վերջին փոփոխությունները։
Նա ներկայացրեց, որ օրենսդրական փոփոխության արդյունքում հասարակական կազմակերպություններն այսուհետ կարող են իրենց կազմակերպությունների ավանումների մեջ օգտագործել «Հայաստան» բառի հոլովաձևերը՝ ազատորեն: Մարատ Ատովմյանը նաև խոսեց կանոնադրության փոփոխության անհրաժեշտության և դրանում առկա մի քանի նրբությունների մասին։
Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ: