Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 27-ին, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբերը (24 ՔՀԿ մասնակից) հանդիպումներ են ունեցել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզպետների կամ փոխմարզպետների հետ և երկկողմ համագործակցության շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել։
Հանդիպման ընթացքում պաշտոնյաներին ներկայացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, և նշվել, որ դրա շրջանակներում ստեղծված ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին՝ ծրագրի թիրախային 9 ոլորտում վերջիններիս կարողությունները զարգացնելու նպատակով:
Շիրակի մարզպետի պաշտոնակատար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ցանկալի է, որ ՀԿ-ները մշտապես կապ պահեն տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի տեղեկացված լինեն մարզում իրականացվող ծրագրերի մասին և իրենց մասնակցությունն ունենան դրանցում:
Գեղարքունիքում ՔՀԿ ներկայացուցիչների հետ է հանդիպել մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը։ Նա կարևորել է ծրագրային ձևաչափը, երբ կազմակերպություններն աշխատելու են համագործակցային սկզբունքով՝ նշելով, որ դրա արդյունքում էլ ավելի արդյունավետ կարող են դառնալ իրականացվող ծրագրերը:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարզում զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջության երթուղի ունենալուն՝ այդ հարցում կարևորելով պետական մարմինների և ՔՀԿ-ների համատեղ աշխատանքը:
Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը հանդիպմանը հայտնել է պետական կառավարման մարմնի պատրաստակամությունը ՔՀԿ-ների ինկուբատորներին աջակցելու հարցում: Նա հետագա համագործակցության տարբերակների և ձևաչափերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: