Commitment to Constructive Dialogue

Մեկնարկել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորների երկրորդ փուլը

Այսօր՝ մայիսի 10-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քաղհասարկության (ՔՀԿ) ինկուբատորների երկրորդ փուլի բացումը։ Բացումը տեղի ունեցավ միաժամանակ Երևանում, Վանաձորում, Գավառում, Գյումրիում և Կապանում:

Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորները նախևառաջ միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը, ինչպեսև դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Կարեն Զադոյանի խոսքով, հնարավորինս աջակցություն է տրամադրվելու ինկուբատորներին, մասնավորապես․ «Կտրամադրվի խորհդրատվություն՝ ոլորտային օրենսդրության, շահերի բախման, ազդարարման համակարգի մասին, բացի սրանից, ֆոնդերի հայթայթման, զարգացման ընթացակարգերի վերաբերյալ դասընթացներ կլինեն։ Կլինի նաև անհատական կարողությունների պլանի մշակում, որպեսզի հասկանանք, թե ձեր թիրախը հիմնականում որն է լինելու՝ հանրային քաղաքականությունների մշակման կամ մոնիթորինգային ոլորտներում»։

Նա նաև ներկայացրեց ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունը, որն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախային 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.

1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
 
Կարեն Զադոյանը նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ կոալիցիաներին տրամադրվող դրամաշնորհների  թիրախային 2՝ արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում դիմելու համար հայտերի ընդունումը ապրիլի 30-ից երկարացվել է մինչև մայիսի 15-ը։
 
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 35 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։

Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Երևանի ինկուբատորից։