Գյումրիում այսօր՝ մայիսի 15-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբի համար կազմակերպվել էր 3-րդ դասընթացը։
Այս անգամ թեման «ՀԿ-ների հարկման առանձնահատկությունները. բիզնես ասոցիացիաներ-կառավարություն երկխոսության առանձնահատկություններն» էր, որը ներկայացրեց ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը: Դասընթացին մասնակցում էին հասարակական կազմակերպություններից 12 ներկայացուցիչներ, իսկ վեբինարի միջոցով դասընթացին հետևում էին ևս 29 անձ։
Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունները հետաքրքրվել են, թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ՝ կազմակերպությունը զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, թե նոր ընկերություն բացի։ Նա ներկայացրել է հարկման բոլոր առանձնահատկությունները։
Հակոբ Ավագյանը նաև նշեց, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ռազմավարության ընդունման և կիրառման մասին հարցը ևս առաջնային է։ ՔՀկ-ների հետ քննարկվել է նաև փոքր և միջին բիզնեսով զբաղվող կազմակերպությունների ռազմավարության կենսունակ և կիրառելի դարձնելու հարցը։