Մայիսի 21-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն կառավարության նոր ծրագրում:
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու և պարզաբանել, որ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ՝ չնայած որ նախատեսվում է հնարավորինս շուտ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի պարզ լինի օրենսդիր մարմնի իրական պատկերը և որ գործադիր իշխանությունն էլ արտահայտի ժողովրդի կամքը:
Նիստին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով ներկայացրել է ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակառուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման, բիզնես ոլորտի, ներառյալ հարկային և ազատ տնտեսական մրցակցության, ընտրական, դատական և իրավապահ ոլորտների, ինչպես նաև ներկայացրել է արդարադատության և մարդու իրավունքերի ոլորտների վերաբերյալ առաջարկությունները:
Կարեն Զադոյանը այդ առաջարկությունների գրավոր փաթեթը հանձնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչներին: