Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 29-ին, քաղաքացիական հասարակությոան կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպում ունեցան կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ։
Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը նորանշանակ փոխնախարարին ներկայացրեց ծրագիրը և ակնկալվող համագործակցության տարբերակները։
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ինքն էլ նախարարություն է տեղափոխվել ՔՀԿ ոլորտից և շատ է կարևորում քաղհասարկության դերը հանրային քաղաքականության ձևավորման և դրա վրա ազդեցության հարցում։ «Մենք միշտ քննադատում էինք այն իշխանավորներին, ովքեր կտրվում էին հասարակությունից, որովհետև, երբ դու կտրվում ես, չես կաորղանում ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, թե ինչ է կատարվում հասարակության մեջ։ Ես շատ եմ կարևորում մեր հանդիպումը, համագործակցությունը հետագայում ու բաց ենք լինելու բոլոր տեսակի համագործակցության համար, որոնք նպաստելու են մեր կրթության զարգացմանը»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Ախուրյան համայնքային զարգացման ասոցիացայի ներկայացուցիչ Լևոն Իգիթյանը հարց բարձրացրեց 12-ամյա կրթությանը սպասվող ճակատագրի մասին․ «Այս տարի Ախուրյան համայնքը խոշորացավ և 8 համայք միացան նրան։ Մյուս դպրոցներից աշակերտները պետք է ոտքով հասնեն Ախուրյանի կենտրոն, որպեսզի ստանան իրենց կրթությունը, ի դեպ, տրասնպորտային միջոցներն այդքան էլ լավ չեն աշխատում»,-նշեց նա։
Փոխնախարարը պատասխանեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների կողմից կարծես թե սխալ է մեկնաբանվել և նախարարությունն այնպիսի դիրքորոշում չի հայտնել, որ պետք է վերացվի 12-ամյա կրթությունը։ «Ավագ դպրոցը բովանդակությամբ չլցվեց, ինչպես չլցվեց մագիստրատուրայի բովանդակությունը։ Հարցը նաև տրասնպորտային խնդիրների հետ է կապված, հիմա այդ հարցերով էլ ենք զբաղվում, քանի որ միջազգային ընկերություններ կան, որ հարցնում են, թե ինչով կարող են օգնել, ու այդ հարցերից մեկն էլ դա է»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Արտուշ Խաչատրյանը, ով ներկայացնում էր «Համայնքի զարկերակ» ՀԿ-ն, փոխանախարարի ուշադրությունը հրավիրեց մարզային համայնքային երաժշտական դպրոցներին «Ժամանակին այս երաժշտական դպրոցներն ամբողջությամբ վերահսկվում էր նախարարության կողմից, իսկ հիմա ամբողջությամբ համայնքն է ղեկավարում, աշխատավարձ տալիս և հնարավոր է, որ տվյալ համայքնի ղեկավարը մշակույթից հեռու մարդ է ու այդ ամեն ինչը խնդիր է առաջացնում»,-նշեց նա։ Նրա խոսքով այս դպրոցներում թերի մասնագիտներ են աշխատում ու այն էլ՝ ցածր աշխատավարձով։ Արտուշ Խաչատրյանը նաև նշեց այն խնդրի մասին, որ մշակութային կրթօջախները հիմնականում կենտրոնացաված են Երևանում, լավագույն դեպքում՝ խոշոր քաղաքներում։
«Թուխ Մանուկ» կրթական, իրավապաշտպան ՀԿ-ի նեկայացուցիչ Մարիամ Չախոյանը շարունակեց թեման՝ նշելով, որ արվեստի դպրոցների տնօրենները հնարավորություն չեն ունենում մտնել հանրակրթական դպրոցներ և ներկայացնել արվեստի դպրոցների կողմից առաջարկվող ուսուցումը, բացահայտել տաղանդավոր երեխաներին։ Անդրադարձ կատարվեց արվեստի դպրոցներում չհաստատված վարձավճարներին։ ԿԳ փոխնախարարը պատասխանեց, որ խնդիրը նախարարին ևս կփոխանցվի, նա նաև ներկայացրեց նմանատիպ մեկ այլ խնդիր․ «Մեզ մոտ նմանատիպ շատ լուրջ խնդիր է եղել նաև նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հարցում, որովհետև Երևանում դրան անվճար էին, իսկ մարզերում՝ կիսավճարովի, քանի որ կեսը ծնողն էր վճարում, կեսը՝ համայնքը, որը սոցիալական անհավասարություն էր բերում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Հանդիպման ավարտին փոխնախարարը և քաղհասարակության ներկայացուցիչները որոշեցին 1-2 ամիս անց նորից հանդիպել և քննարկել արդեն արված և սպասվող մյուս ծրագրերի մասին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ալիսա Չիլինգարյան