Էներգաարդյունավետության և վերայանգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման նպատակով՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր։
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակում՝ Ապարանի համայնքում հունիսի 4-ին մեկնարկել է «կայուն էնէրգետիկայի շաբաթ» միջոցառումները, որոնք շարունակվեցին Արթիկում։ Այսօր՝ հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայքներում» էներգաարդյունավետ համայնքների երկրորդ ֆորումը, որ անցկացվեց նաև ԵՄ կողմից աջակցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, միջոցառման բացմանը նշեց, որ իսկապես լավ է, որ գոյություն ունի նման ծրագիր և Եվրամիությունը հաճույքով կաջակցի այդ գործում։ «Ի՞նչն է առանձնահատկությունը էլեկտրաարդյունաբերության ոլորտում․ դա մի ոլորտ է, որն իրենից կայունություն է ներկայացնում, կայուն է, որովհետև ձեր ներդրումները փոխհատուցվում են 4-5 տարիների ընթացքում։ Որպեսզի մասնավոր սեկտորը կարողանա մուտք գործել այդ ներդրումային դաշտ, պետք է նախապատրաստենք համապատասխան համակարգ ու իրականացնենք պիլոտային ծրագրեր, որպեսզի ակնհայտ տեսնենք այդ օգուտները»,-ասաց Հոա-Բին Աջեմյանը։
Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող Էմին Երիցյանը նշեց, որ տարիների ընթացքում հաջողվել է ստեղծել այնպիսի հարթակ, որ տեղական իշխանությունների տրամադրվածությունն ու ակտիվությունը էներգախնայողության ոլորտում դարձավ օրինակելի վարքագիծ։ «Եթե այլ երկրներում մենք փորձը տեսնում ենք, թե ինչպես է դա իրականացվում, ապա Հայաստանում, կարող ենք ասել, որ ունենք արդեն իսկ ձևավորված մասսայական շարժման հետ և սա շատ շատ կարևոր հանգամանք է, որոհետև էլեկտրաարդյունավետությունն ու էլեկտրախնայողությունը պետք է դառնա տեղական իշխանությունների ամենօրյա գործողությունն ու վարքագիծը և իրավական ընթացակարգերի ու քաղաքականությունների պլանավորման իրականացման տեսանկյունից»,-նշեց Էմին Երիցյանը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ֆորումի ժամանակ ներկայացրեց ծրագիրը և ՀԿ-համայնք երկխոսության արդյուքնում ձեռք բերված համագործակցությունների մասին, որոնք կարող են օգնել կողմերին էներգաարդյունավետության ոլորտի զարգացման համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կենտրոնացած են հիմնական 9 ոլորտների վրա, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, կրթությունը, սոցիալական ոլորտ․ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը, գյուղատնտեսությունը, տնտեսությունը և էներգետիկան։ Նշեմ, որ ծրագիրն ունի մի քանի նպատակներ, որոնք հիմնականում քաղհասարակությունների (ՔՀԿ) կարողությունների հզորացումն է, առկա կոալիցիաների, ցանցերի զարգացումն է, իսկ այն ոլորտները, որոնցում չկա արդեն ձևավորված կոալիցիաներ՝ դրանց ձևավորումը»,-ասաց Մարատ Ատովմյանը։ Նա նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հանդիպումներ են եղել Երևանում և մի քանի մարզերում, որոնց ընթացքում ոլորտային ակտիվ քննարկումներ են եղել։