Այսօր՝ հունիսի 12-ին, հանդիպում են ունեցել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող Հակոբ Ավագյանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության թիրախային ոլորտում ենթադրամաշնորհ ստացած Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները։
Հանդիպման նպատակը նախարարին «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի ներկայացումն է, որի իրականացնող ցանցը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքն է:
Կարեն Զադոյանը ներկայացնելով ծրագիրը՝ նշեց, որ սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի հզորացումը հիմնականում երկու խնդիր է լուծելու․ ոլորտի գյուղատնտեսության ոլորտի հանրային քաղաքականությունների մոնիթորինգ և բարելավում: «Ակնկալում ենք ռեալ չափերի արդյունքներ ու այն դաշինքը, որը ինստիտուցիոնալ տեսանկյունից կհզորանա այս ծրագրի շրջանակներում, դրա ավարտից հետո կդառնա կայուն և կմնա գյուղատնտեսության նախարարության կայուն գործընկերն ու կաջակցի նախարարությանը ոլորտի բարեփոխումների իրականացման հարցերում»,-ասաց Կարեն Զադոյանը:
«Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը, հատկապես այդ համագործակցույունը շատ կարևոր է մոնիթորինգի իրականացման հարցերում: Ծրագրի իրականացումից սպասում ենք ստանալ ռեալ արդյունքեր»,-նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Նա նաև հավելեց, որ մշտական կապ կպահվի կողմերի միջև, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կկազմակերպվեն և կներկայացվեն ոլորտում առկա խնդիրներն ու կամփոփվեն կատարված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանականերում կատարվելիք աշխատանքները:
Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ իր գործընկերների՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ից՝ 34 ամիս տևողությամբ:
Ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախ ոլորտներ։ Դրանք են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, Էներգետիկա։ Նախատեսվում է ոլորտի լիազոր մարմինների հետ՝ Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով վեր հանել առկա խնդիրները, մշակել, ջատագովել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով և լուծումներով: