Այսօր՝ հունիսի 14-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Արդարադատության ոլորտ. դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության բարելավման անհրաժեշտություն» թեմայով դասընթաց անցկացվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Երևանի ինկուբատորի համար: Դասընթացին մասնակցում էր 10 քաղհասարակության ներկայացուցիչ:
Ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ԴԱՀԿ ոլորտի թե օրենսդրական, թե ինստիտուցիոնալ խնդիրները, կոռուպցիոն ռսիկերը՝ հիմնված պրակտիկայում եղած ահազանգերի վրա, ինչպեսև խոսեց ոլորտում կատարված բարեփոխումներից:
Մ. Ատովմյանը խոսեց Կենտրոնական բանկիխորհրդի կողմից դեռևս 2015 թվականին ընդունված պարզաբանման մասին, որը ուղեցույց է բոլոր բանկերի համար՝ դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ. «Սա դրական է այն առումով, որ միասնական գործելաոճ է սահմանվում բոլոր բանկերի համար»:
Դասընթացի ավարտից հետո քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին անհատական խորհրդատվություն տրամադրեցին ծրագրի իրավաբան-փորձագետներ Մերի Հարությունյանը, Քրիստինե Ղուկասյանը, Տիգրան Դանիելյանը և Նարեկ Ենոքյանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: