Այսօր՝ հունիսի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց հանդիպում-քննարկում «Դատարանի ընկեր» ինստիտուտի հասկացության և Հայաստանում դրա ներդրման հնարավորության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
Ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը ներկայացրեց, որ «դատարանի ընկեր» ինստիտուտը դատական պրակտիկայում երկու նպատակ ունի՝ առաջին, երբ հանրության համար մեծ կարևորություն ունեցող կամ վիճահարույց հարց քննելիս օգնել գործը քննող դատարանին առավել ժողովրդավարական և հանրության համար ընդունելի ակտ կայացնել: Եվ երկրորդ՝ ապահովել հասարական հնարավորինս լայն շրջանակների ներգրավածություն դատական գործընթացներին և դատական պրոցեսներում մասնագիտացված կառույցների ներուժն օգտագործել՝ դատարանին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նարեկ Ենոքյանը խոսեց որպես դատարանի ընկեր մարդու իրավունքների պաշտպանի դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Վանուհի Փայտյանը նշեց, որ Պաշտպանն իրավունք չունի միջամտել դատավարական գործընթացներին և միայն իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ օրենքների մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին համապատասխանության հարցով:
Ծրագրի իրավաբան-փորձագետ Մերի Հարությունյանը խոսեց որպես դատարանի ընկեր՝ հասարակական կազմակերպությունների դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: Քննարկման ժամանակ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից Մարգարիտ Ամյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք կան պրակտիկ օրինակներ, երբ հասարակական կազմակերպությունը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատարանի ընկեր կամ amicus curiae:
Մերի Հարությունյանը ներկայացրեց, որ «Տատյանա Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի քննությանը ենթակա լինելու կապակցությամբ իրավական եզրակացություններ են տվել «Բաց հասարակության իրավական նախաձեռնություն» և Մոսկվայի «Մեդիա Իրավունքի ինստիտուտ» ՀԿ-ները: Ավելին, այդ դիտարկումները ներառում են Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Հնդկաստանի դատական պրակտիկան:
Քննարկման արդյունքում մի շարք դիտարկումներ և առաջարկություններ եղան ինստիտուտի դրական և բացասական կողմերի վերաբերյալ, որոնք կհամակարգվեն և հետագայում նոր քննարկումների առարկա կդառնան, կհստակեցվեն ինստիտուտի ներդրման համար ներկայիս խոչընդոտները և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կարվեն: