Commitment to Constructive Dialogue

Համատեղ ջանքերով կհզորացվեն հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունները

 

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող երկու խոշոր ծրագրերի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրերի ղեկավարներն այսօր հանդիպեցին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրն ու թիրախային ուղղությունները:

Նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Նախապես ընտրվել էին երեք թիրախային ոլորտներ, սակայն ներկայումս կառավարության և ոլոտների մյուս դերակատարների հետ քննարկվում են դրանց ավելացման հարցը, վեր են հանվում խնդիրներ պարունակող ոլորտները:

Կարեն Զադոյանը նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում դրամաշնորներ են տրամադրվելու՝ մինչև 870 հազար եվրոյի չափով. «Ծրագրի շրջանակներում օգտագործելու ենք տարբեր գործիքներ, որպեսզի հանրային ոլորտի խնդիրներն ամենաներքևից վեր հանենք»:

Կարեն Զադոյանը հաղորդեց, որ կազմակերպությունները 4 մարզերում և Երանում ինկուբատորներ են ստեղծելու և սկսելու են պրակտիկ հմտություններ փոխանցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, այդ թվում՝ եվրոպական փորձն է փոխանցվելու նրանց: Նա մանրամասնեց, որ կազմակերպությունը օգտագործելու է ժամանակակից տեխնոլոգիաներ, սեմինարներն իրականացվելու են վեբինարների եղանակով, ուղիղ կապ է հաստատվելու Հայաստանի մյուս մարզերի, Երևանի կամ Չեխիայի հետ:

Այս դասընթացներն բարեհաջող ավարտած կազմակերպությունները միայն հնարավորություն կունենան ստանալ դրամաշնորհներ:

Կարեն Զադոյանի խոսքերով՝ ստեղծվելու է համապատասխան դրամաշնորհային հանձնաժողով, որն էլ որոշելու է հաղթող ճանաչվածկազմակերպություներին: ԻՀԱ նախագահը «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավարությանն առաջարկեց ընդգրկվել այս հանձնաժողովում, երբ այն ստեղծվի, բացի այդ, նա գործընկերներին առաջարկեց մասնակցել նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» կառավարման խորհրդի աշխատանքներին:

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտանը հայտնեց, որ այն իրականացվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և «ԴԱՍ.ԱՄ»-ի կոնսորցիումի կողմից: Նա տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մեկ միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային հատված:

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:

«Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հոկտեմբերի 1-ին: Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ծրագրի թիրախային խմբերն են Երևանում և մարզերում գործող ՔՀԿ-ները և նրանց շահառուները, մասնավոր հատվածը, պետական կառույցները և հասարակության տարբեր խմբեր»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Ծրագրի նպատակները երեքն են՝ զարգացնել ՔՀԿ-ների ներքին և արտաքին կարողությունները, ինչպես նաև ՔՀԿ-ների՝ ԵՄ ծրագրերին դիմելու և դրանք իրականացնելու կարողությունները (մանրամասները ծրագրային կայքում):

Հանդիպմանը ներկա էին նաև միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, նույն ծրագրի ղեկավարի տեղակալ-դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյան և ծրագրային օգնական Հայկուհի Ալավերդյանը, իսկ Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրից ներկա էր նաև կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը: