ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում, հուլիսի 20-ին հանդիպել է «Հայկական բիզնես կոալիցիայի» անդամներին։
Քննարկմանը ներկա էին նաև ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, GIZ (Գերմանական միջազգային համագործակցություն ընկերություն) կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Բադալյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչ Կորյուն Գևորգյանը։
Հակոբ Ավագյանի խոսքով, նախարարության, GIZ-ի և կոնսորցիումի շահերը համընկնում են և կա ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարություն գրելու անհրաժեշտություն։ Նա նաև նշեց, որ GIZ-ն այս պարագայում հանդիսանում է աջակցող կազմակերպություն:
Մարիամ Բադալյանը նշեց, որ այդ աջակցության շրջանակներում իրենք պատրաստ են իրականացնել առկա ռազմավարության, նրանում ներկայացված գործողությունների խորը մոնիթորինգ/վերլուծություն։ Քանի որ, «Հայկական բիզնես կոալիցիայի» կողմից իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրով ևս այս գործունեությունը նախատեսված է, կողմերը քննարկեցին վերջինիս կրկնությունից խուսափելու և ժամանակն ու ռեսուրսները առավել արդյունվետ կիրառելու հարցը:
Կողմերը որոշեցին, որ երկու կառույցներն էլ կանցկացնեն մոնիթորինգները, այնուհետև տվայլները կհամեմատվեն, ինչն էլ ավելի արդյունավետ կլինի, կկատարվի գործառույթներիի որոշակի բաժանում՝ ըստ տարածքների, շահառուների։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: