Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն – քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը: Համաժողովին ներկա էր շուրջ 160 մասնակից պետական մարմիններից, արհմիություններից, քաղաքացիական հասարակության և բիզնես կազմակերպություններից:
Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հայտնեց, որ այս ծրագրի միջոցով կամուրջ է ստեղծվում քաղհասարակական կազմակերպությունների և կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ կառուցողական երկխոսություն սկսելու և իրենց առջև դրված նպատակներն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Կարեն Զադոյանի խոսքով, աշխատողների իրավունքները պաշտպանելուն կոչված արհեստակցական միությունների գործունեության ոլորտում օրենսդրական բարեփոխումների և դրանց զարգացման նպատակով կազմակերպված քննարկումների արդյունքում կքարտեզագրվեն ողջ խնդիրներն ու դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը կարևորելով այս ոլորտին անդրադարձն ու նման միջոցառման կազմակերպումը, նշեց. «Քաղաքացիական հասարակության և կառավարության երկխոսությունը լուրջ արդյունք կտա մեր գործունեության ընթացքում: Արհմիությունները թափանցիկ են, պատրաստ են համագործակցության»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նշեց, որ կառավարության տեսլականն է ունենալ անկախ և հզոր արհմիություններ. «Նրանց զարգացման առաջնահերթ պայմաններից են նրանց անկախությունը, նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձացումը, ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները»:
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խարատյանն իր խոսքում նշեց, որ արհմիությունների կոնֆեդերացիան ստեղծվել է իր համագումարում: Այն ունի 19 ճյուղային արհմիություն, 191000-ից ավել անդամ: Արհմիությունների կոնֆեդերացիան ներկայացնում, պաշտպանում է աշխատողների շահերը միայն այն դեպքում, եթե նրանք արհմիության անդամ են:
Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև չորս պանելային քննարկումներ՝ Հայաստանում արհմիութենական շարժման ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, աշխատանքային օրենսդրության Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին համապատասխանության, Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարների, սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
Պանելային առաջին քննարկմանը «Հավատ» արհեստակցական միության հիմնադիր Արմեն Աբրահամյանը ներկայացրեց իր ունեցած փորձը, որը գործադուլի իրականացման պրակտիկ օրինակ էր: Այսպես, նա նշեց. «Որպես արհմիություն 3 տարի «Արմենտել» ընկերության դեմ պայքարել ենք: Այս գործընթացի ընթացքում գործատուի կողմից աշխատանքից ազատվեցին մի շարք աշխատողներ՝ առանց որևէ իրավական հիմքի: Արդյունքում, Սահմանադրական դատարան դիմումներ եղան քաղաքացիների կողմից: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործադուլները արգելող բոլոր դրույթները: Բարեբախտաբար, 2008թ. Արմենտելը վաճառվեց ռուսական Բիլայն ընկերությանը: Այլևս չկար կոնֆլիկտ նոր գործատուի հետ: Բոլոր նրանք, ովքեր անօրինական կերպով ազատվել էին, հատուցումներ ստացան, շատերը վերադարձան աշխատանքի»:
Բանախոսներից փաստաբան Գևորգ Գյոզալյանը նույնպես խոսեց հիշյալ գործի մասին և դրա օրինակով ներկայացրեց ոլորտի խնդրահարույց կողմերը. «Այս գործով իրականացրեցինք պաշտպանություն: Կան կազմակերպություններ, որոնց դերը դատարանում ծանրակշիռ է, նրանց մասնակցությամբ պայմանավորված առավել նկատելի էր դատավարական կողմերի անհավասարությունը և մրցակցության սկզբունքի խախտումը: Գործը իրականացվել էր դատավարական մի շարք նորմերի խախտումներով։ Իրավական գործընթացների արդյունքում արձանագրվեց գործադուլի իրավունքի խախտում և, դիմելով Սահմանադրական դատարան, վերջինս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատանքային օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք արգելում էին գործադուլը՝ միայն կապելով կոլեկտիվ պայմանագրերի հետ»:
Պանելային երկրորդ քննարկման բանախոսներն էին «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ծրագրերի համակարգող Քրիստինե Հովհաննիսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը։
Մասնակիցները մատնանշեցին այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է ոչ թե աշխատանքի իրավունքը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Սահմանադրության նախագծի հեղինակների կողմից դա հիմնավորվում է նրանով, որ սահմանադրորեն ամրագրելով անձի աշխատանքի իրավունքը պետությունը իր վրա կվերցներ անձանց աշխատանքով ապահովելու պարտականություն: Սակայն անձի աշխատանքի իրավունքը պարտավորեցնում է պետությանը ոչ թե մարդկանց ապահովել աշխատանքով, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ-ում, այլ վարել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ: Այդ մասին են վկայում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի մեկնաբանությունները:
Պանելային երրորդ քննարկման բանախոսներին էին Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ «Նաիրիտ» ՓԲԸ արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ առաջին սոցիալական ապահովության նախարար, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Աշոտ Եսայանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Աշոտ Եսայանը ներկայացրեց սոցիալական գործընկերության էությունը, սկզբունքները, թիրախները, առաքելությունը, գործիքակազմը: Այսպես, սոցիալական գործընկերությունը բանակցության և փոխզիջման, քաղաքացիական կայունության, հասարակության սոցիալական հաշտեցման պայման է, հակադարձ շահերի համաձայնեցման և մերձեցման միջոց, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար վարձու աշխատողների ու գործատուների միջև հնարավոր բախումների կարգավորման և սոցիալական անդորրի հասնելու մեթոդ: Այսինքն՝ գլոբալ առումով սոցիալական գործընկերության մասնակիցներն են՝ պետությունը, գործատուն, աշխատակիցը: Կարող են ներգրավվել նաև քաղաքները գյուղերը և այլն:
Պանելային չորրորդ քննարկման բանախոսներին էին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Ալիկ Հակոբյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ ՄԻՊ) Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Գևորգ Պողոսյանի օգնական Վարդուհի Շահմուրադյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Տեսչական մարմնի ղեկավար Ալիկ Հակոբյանի կողմից մատնանշվեց այն փաստը, որ իրենց կառույցի աշխատանքներում դեռևս ռիսկերի հայտնաբերման հստակ մեթոդոլոգիան գտնվում է մշակման փուլում, սակայն իրազեկման աշխատանքները և վարչական վարույթները հստակ իրականացվում են։
ՄԻՊ ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանի կողմից նշվեց, որ վարձու աշխատողների իրավունքների պաշտպանությունում ՄԻՊ-ը ունի երկու գործառույթ՝ անհատական դիմում բողոքների քննության շրջանակներում աշխատանքային իրավունքներին անդրադառնալը և օրենսդրության կատարելագործումը։
Վարդուհի Շահմուրադյանը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Այդ օրենքի նախագծի վերաբերյալ մասնակիցները բարձրաձայնեցին մտահոգություններ, որոնք հատկապես վերաբերում էին այն հիմնական հարցին, թե ինչպե՞ս են տարբեր մասնագիտությունների տեր անձինք միավորվելով մեկ արհմիության շրջանակներում, պաշտպանելու այլ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատանքային իրավունքները, եթե ենթադրյալ խախտումների պարզումը պայմանավորված է մասնագիտական գիտելիքների առկայությամբ։
Բացի այդ, հարց բարձրացվեց այն մասին, որ հիշյալ փոփոխությունները վտանգի տակ են դնում արհմիությունների հետագա գործունեությունը և զարգացման հեռանկարները, քանի որ վերջինս, թեպետ սահմանում է «անկախ» արհմիությունների գաղափարը, այդուհանդերձ, դրանով փորձ է արվում ստեղծել «մենաշնորհ» արհմիությունների դաշտում։
Պետք է նաև նշել, որ մասնակիցների դժգոհությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ հիշյալ օրենքի նախագիծը հանրային քննարկման չէր ներկայացվել, այն չէր քննարկել շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաև՝ ՀԱՄԿ-ի, ՔՀԿ-ների և առանձին գործատուների հետ։ Փոխարենը, վերջիններս ՀՀ կառավարության հերթական նիստից են տեղեկանում, որ մշակվել է նման օրինագիծ և այն հաստատվեց ՀՀ կառավարության կողմից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախարարության կողմից աշխատանքային կարգով ներկայացվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կարծիքին, սակայն վերջինիս կողմից որևէ գրավոր առաջարկություն չի ներկայացվել:
Համաժողովը կազմակերպվել է ծրագրի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: