Այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի ունեցավ հանրային գնումներում էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր քննարկել ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները, քննարկել բարեփոխումներ իրականացնելու և համապատասխանաբար հանրային քաղաքականությունների մշակման և կիրարկման անհրաժեշտությունը։
Աշխատաժողովը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիրն իրականացնում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Աջակցություն բարեփոխումներին», «Կանայք կլիմայում և էներգետիկայում», «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոալիցիան:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակն է ստեղծել է ՔՀԿ-ներից բաղկացած կոալիցիա, որը կառավարության և ոլորտային կառույցների հետ կառուցողական երկխոսության միջոցով կիրականացնի համապատասխան բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նշեց, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիրն իրականցնող քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել են ոլորտին վերաբերող արդյունավետ մեխազնիմների մշակման հարցեր:
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը և կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեցին «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչներն ու նախատեսվող արդյունքները, համայնքային գնումների գործընթացում էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող քաղաքականության մշակման և համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, գործող էլեկտրաէներգետիկ շուկայի կանոնակարգման համատեքստում համայնքային տնտեսության մեջ վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները, որոնց շուրջ տեղի ունեցան քննարկումներ։
Աշխատաժողովին մասնակցում էին պետական գերատեսչությունների, ՏԻ մարմինների, հանրային ծառայություններ իրականացնող կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ժամանակ հնչեցին մի շարք դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կհավաքագրվեն, կմշակվեն և, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն նախատեսվող հանրային քաղաքականության մեջ:
Աշխատաժողովի արդյունքում ստեղծվեց նաև աշխատանքային խումբ, հետագա գործընթացները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: