Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 10-ին Գյումրիում տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Իրավապաշտպան կառույցների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համագործակցությունը պատկան պետական մարմինների հետ» թեմայով:
Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Գյումրիի ինկուբատորի ՔՀԿ-ներին տրամադրեց խորհրդատվություն՝ հանրային քաղաքականությունների մշակման հմտությունների վերաբերյալ։ Այնուհետև ծրագրի իրավաբան Վիկտորիա Եղոյանը ներկայացրեց իրավապաշտպան կառույցների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, ինչպեսև խոսեց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պատկան պետական մարմինների հետ համագործակցության մասին:
Հանդիպման ավարտին անհատական խորհրդատվություն տրամադրվեց ՏԻՄ/տնտեսության, էներգետիկայի, արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Գյումրու ինկուբատորի ՔՀԿ-ներին
Միջոցառմանը մասնակցում էր Ինկուբատորների 1-ին և 2-րդ փուլում ընդգրկված թվով 8 ՔՀԿ-ներ:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: