Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 27-ին, Աղվերանում սկսվեց «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում։ Հանրային քաղաքականությունների, երկխոսության զարգացում։ Քաղած դասեր՝ ՔՀԿ-ների ինկուբատորների գործարկման փորձից» թեմայով 5-օրյա դասընթացը` ՔՀԿ ինկուբատորների ծրագրային թիմի համար` ծրագրի շահառու հանդիսացող ՔՀԿ-ների կոալիցիաների ներգրավմամբ:
Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին` նշելով, որ թեև դժվարություններին և թերահավատությանը, ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում ՔՀԿ-ների ինկուբատորների գործունեությունը պահանջված է և արդյունավետ:
«Այս դասընթացների ընթացքում նաև կքննարկենք, կամփոփենք կատարված աշխատանքները, վեր կհանենք առկա թերությունները, որպեսզի դրանք վերացնենք և առավել մեծ արդյունավետությամբ շարունակենք աշխատանքը»,- ասաց նա:
Այնուհետև ծրագրի չեխ գործընկեր «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի նախագահ Իվանա Բուրսիկովան ներկայացրեց հանրային բարեփոխումների համատեքստում կոալիցիաների և ՀԿ-ների հաղորդակցության հիմունքները:
Իվանա Բուրսիկովան ներկայացրեց չեխական փորձը, երբ մարդիկ հույսեր են կապում քաղաքական գործիչների հետ, սակայն հուսախաբ էին լինում, անցնում քաղաքացիական պայքարին, այնուհետև հաջողության հասնում պետական, քաղաքական գործիչների հետ հաղորդակցվելու և իրենց պահանջները հստակ ներկայացնելու շնորհիվ:
Դասընթացները բաղկացած են ոչ միայն տեսական, այլև պրակտիկ մասերից: Մասնակիցները խմբային աշխատանքներ են կատարում, գործնականում փորձում կիրառել ստացած տեսական գիտելիքները:
Նշենք, որ դասընթացը տևելու է հինգ օր: Այն վարելու են ծրագրի գործընկեր «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի փորձագետներ Իվանա Բուրսիկովան և Վոյտեկ Չերնին:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: