Օգոստոսի 21-ից 24-ը Հայաստանի 3 մարզում՝ Արմավիրում, Գեղարքունիքում և Վայոց ձորում տեղի ունեցան Town Hall ձևաչափով աշխատաժողովներ, որոնց նպատակն էր վերհանել գյուղատնտեսության ոլորտի հիմնահարցերը:
Աշխատաժողովին մասնակից էին դարձել 265 ներկայացուցիչ, ովքեր ներգրավված են գյուղատնտեսության տարբեր արժեշղթաներում՝ ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ, մարզպետարանի և «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցի, սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ:
Հանդիպումները նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
«Այս հանդիպումների նպատակն էր հենց ոլորտի ներկայացուցիչներից լսել իրենց խնդիրները, իսկ ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարզում առավել քան 300 առաջարկ– խնդիր է հավաքագրվել մեր գործընկեր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետների կողմից,- նշում է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանը,- որոնք կմշակվեն մեր փորձագետների կողմից և վերջնական արդյուքնում, որպես հայեցակարգային փաստաթղթեր կներկայացվեն կառավարությանը կամ այլ շահագրգիռ կողմերին»:
Վադիմ Ուզունյանը նաև նշեց, որ պատահական չեն ընտրվել նաև մարզերը.
-Մարզերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որպեսզի վերհանվեն գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները չորս տարբեր բնակլիմայական գոտիներում. Արմավիրում՝ որպես հարթավայրային գոտի, Գեղարքունիքում՝ որպես բարձր լեռնային գոտի, Շիրակում՝ որպես լեռնային գոտի և Վայոց Ձորում՝ որպես նախալեռնային գոտի:
Եղեգնաձորում ընթացող աշխատաժողվի մասնակիցներին հանդիպեց նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որտեղ մասնակիցները իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարին՝ բարձրաձայնելով ոռոգման ջրի, բուժանյութերի, գյուղատնտեսական վարկերի, գյուղտեխնիկայի և կոոպերատիվների հետ կապված հիմնախնդիրներ:
Սեպտեմբերի 11-ին տեղի կունենա Town Hall ձևաչափով ևս մեկ աշխատաժողով՝ վերհանելու Շիրակի մարզում առկա գյուղատնտեսական հիմնախնդիրները:
«Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ, ՇԵՆ բարեգործական հասարակական կազմակերպություն, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ, «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ: