Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-ին, Գյումրիում անցկացվեց ՏԻՄ-ՔՀԿ ֆորում, որի ժամանակ քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսական զարգացման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերին, փոքր ու միջին բիզնեսին, ՀԿ-ների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը:
Ֆորումը կազմակերպվել էր ծրագրի կոնսորցիումի անդամ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից: Ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը նշեց՝ ոլորտային կարևոր հարցերից են, թե հարկային օրենսդրության փոփոխության ինչ տարբերակներ են քննարկվում, որ տարբերակն է ավելի ընդունելի, կիրառելի և որի դեպքում բիզնեսը կունենա շահեկան դեր ու ներդրումներ կկարողանա կիրառել:
Ֆորումի ընթացքում ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգողը և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը փաստեց՝ վերջին տարիներին և′ նախկին, և′ ներկա կառավարությունները կարևորում են տնտեսական զարգացումն ու համայնքների դերակատարումը, այնուհետև հավելեց. «Բայց թե ինչ ճանապարհով գնալ, և որտեղ է հատման այն կետը, որ երկխոսության հանձնառություն պիտի լինի, դեռ լուծումները չենք տեսնում: Այստեղ երկխոսելու ու քաղաքականություն և վարքագիծ փոխելու կարևոր խնդիր ունենք: Եթե ուզում ենք տեսնել փոխադարձ ներդրումը, նաև տեղական իշխանությունների հանձնառությունը, որ իրավիճակ փոխվի, պետք է հասկանանք՝ ինչքանո՞վ են իրենք պատրաստ, հասարակությունը ինչքանով է հենց այդ դերակատարմամբ ընկալում նույն փոքր ու միջին բիզնեսը: Սա բարդ թնջուկ է, որտեղ իրար հետ պիտի սկսենք այդ լուծումները գտնել»:
Տնտեսական զարգացման նախարարության փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարչության ներկայացուցիչ Գևորգ Սարգսյանը տեղեկացրեց՝ հանդիպումներ են ունեցել տնտեսվարող սուբյեկտների, հաշվապահների հետ գրեթե բոլոր մարզերում, առանձնացրել 10 կարևրոագույն խնդիրները. «Դրանցից է եկամտային հարկը, շրջանառության հարկով աշխատողների շրջանառության հարկի շեմը: Հիմա քննարկվում է շեմի հարցը, որ գոնե մնա անփոփոխ, 115 միլիոնի սահմանը, որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունները հարկվեն 25 տոկոսով: Գործարարների հետ շփումներից եկել եմ այն համոզման, որ պետությունն ինչքան խստացնում է իր ռեժիմը, մեկը միշտ կա, որ չարաշահում է: Ուստի, եթե մենք մեր բիզնեսին սովորեցնենք, որ ինքը պետք է աշխատի բաց պետության առաջ, պետությունը կթուլացնի իր մեխանիզմները նրան հսկելու. կստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ»:
Քննարկման ընթացքում Էմին Երիցյանն օրինակ բերեց գերմանական փոքր գյուղերը, որտեղ մինչև հազար բնակիչ ունեցող գյուղերում երեք հազարից ավելի գիշերելու տեղ կա, և այնտեղ ընդունում են տարեկան մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: