«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքում կարևոր նորամուծություն է կատարվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացի շրջանակում ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը գնում է շահառուների ինստիտուտի ներդրման մասին, որն էլ ուղղակի կապված է ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի հետ. «Ես կխնդրեմ ձեր բոլորի ուշադրությունը շահառուների վրա, ինչո՞ւ, ես համեմատական կանցկացնեմ ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքի հետ, որը ռիսկեր է պարունակում, օրինակ՝ տեղյակ եք, որ Շահութարկի մասին օրենքով անհատույց ակտիվները եկամուտներ չեն դիտվում, այդ թվում անդամավճարները, ինչ է ասել «անհատույց ակտիվներ», դրա պարզաբանումն օրենքում տրված չէ»,- ասաց Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ պետական մարմինների, մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեն «անհատույց ակտիվներ» եզրույթի տակ դիտարկում են նաև կազմակերպության կարիքների համար տրամադրված դրամաշնորներն, ինչպես նաև դոնորների համար ծառայությունների մատուցումը. «Մինչդեռ այն ակտիվները, որոնք ծրագրի շահառուների համար են, նրանք դիտարկում են, որ պետք է շահութահարկ գանձվի։ Սա շատ լուրջ հանգամանք է, եթե նրանց մոտեցումը պաշտոնական տեսք ստանա, ապա բոլոր հասարակական կազմակերպությունները լուրջ խնդրի առջև կարող են կանգնել, որովհետև բոլորն իրենց շահառուների համար ծառայություններ են մատուցել՝ դրամաշնորհների հաշվին»:
Կարեն Զադոյանը հասարակական կազմակերպություններին խորհուրդ տվեց իրենց կանոնադրության մեջ ամրագրել շահառուների շրջանակը․ «Եթե մենք շահառուների խմբերի մասին նշում ենք անում կանոնադրության մեջ, ինչպես անդամների պարագայում և ամրագրում ենք, որ նույն ծառայությունները մատուցում ենք նաև նրանց, այս տեսանկյունից Շահութահարկի մասին օրենքի հետ կապված ռիսկերը կչեզոքացվեն։ Ուստի, եթե դուք ունեք շահառուներ և շահառուների խմբեր, ապա խորհուրդ կտամ, որ վերագրանցման ժամանակ հստակ նշեք այդ մասին»,- ընգդծեց ԻՀԱ ղեկավարը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանի խոսքերով՝ հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը խնդրահարույց դրույթներ է պարունակում հատկապես իրավաբանական անձանց միությունների վերակազմավորման գործընթացում. «Եթե մենք նախկինում առաջնորդվում էինք ընդամենը Քաղաքացիական օրենսգրքի մի քանի հոդվածներով, ըստ էության իրավաբանական անձանց միությունների ամբողջ բովանդակությունը հիմնվում էր նույն Հասարակական կազմակերպության օրենքին, իսկ մեր գործունեությունը բովանդակային առումով փոփոխություն չի կրել, այսօր նոր օրենքի պահանջով այնպիսի դրույթներ են նախատեսվել, որոնք գործում են առևտրային կազմակերպությունների դեպքում, ինչպես օրինակ՝ փոխանցման ակտի պահանջը վերակազմավորման ժամանակ»,- ասաց իրավաբանը։
«Էլեգիա» ՀԿ նախագահ Հարություն Ալեքսանյանը կարծում է՝ օրենքն պետք է այնպիսին լինի, որ մի կողմից թեթևացնի ՀԿ-ների գործունեությունը, մյուս կողմից կազմակերպություններին դարձնի հաշվետու․ «Օրենսդրությունը հենց դա պետք է հետապնդի։ Ներկա փոփոխությունները և՛ դրական կողմեր ունեն, և՛ բացասական, կան չլուծված հարցեր, մասնավորապես ձեռնարկատիրական գործունեության մասին, որը պարզեցման ու կանոնակարգման կարիք ունի»,- շեշտեց պարոն Ալեքսանյանը։
Նշենք նաև, որ դասընթացներն տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան