Սեպտեմբերի 28-ին Կապան համայնքում անցկացվեց «Միջին մասնագիտական կրթություն և աշխատաշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում․ հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։
Ֆորումը կազմակերպվել էր «ԳՈՒՄ» ՀԿ-ի կողմից «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում, որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագիր է:
Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վերհանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։
Մարզային ֆորումը տեղի է ունեցել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում։ Ֆորումին մասնակցել են Կապանի և Քաջարանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ, Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ: Մասնակցել է շուրջ 50 հոգի։
Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունել են «ԳՈՒՄ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը։ Վերջինս իր ողջույնի խոսքում մեծ կարևորություն է տվել ֆորումի թեմային և կոչ արել իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հնարավոր լուծումների առաջարկմանը։
Մարզային ֆորումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը։
Ֆորումի առաջին մասում Ա․ Դանիելյանը մասնակիցներին ամփոփ ներկայացրել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը, իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև մասնակիցներն աշխատել են 4 թեմատիկ խմբերով, որոնցից 2-ը քննարկել և վեր են հանել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, իսկ մյուս 2-ը՝ միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև առկա խնդիրները։
Մասնակիցները համապատասխան խմբերով մշակել են նաև իրենց առաջադրած խնդիրների լուծման առաջարկությունները և հանդես եկել ներկայացումներով։
Խմբային ներկայացումներն ուղեկցվել են բուռն քննարկումներով։
Մարզային ֆորումն ամփոփվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Շահագրգիռ կողմերը շնորհակալություն են հայտնել ԳՈՒՄ ՀԿ-ին ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար և ծրագրի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել։
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: