2018 թ. հոկտեմբերի 16-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը Գյումրու ՔՀԿ ինկուբատորում կներկայացնի հետևյալ թեման՝ «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն»: Այնուհետև ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը խորհրդատվություն կտրամադրի Գյումրու ինկուբատորի ՔՀԿ-ներին դրամաշնորհային առաջարկների կազմման վերաբերյալ:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են մոտ 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորներին ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու է ընդհանուր թվով 33 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն ունեն՝ օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքի, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Երևանի ինկուբատորից։