Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհորդը և քննարկվեցին կոալիցիայի զարգացման ուղիները:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան հիմնադրվեց «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում. որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:
Կոալիցիային հիմադնադիր համաժողովի ընթացքում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ կոալիցիայում ընդգրկվող կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի է և բարձր հեղինակություն ունի:
10 քաղաքացիական հասարակության կազմակերպությունից բաղկացած կոալիցիայի հիմնադրումից և կանոնակարգի հաստատումից հետո ընտրվեց կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 9 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: Առաջիկայում նախատեսվում է, որ կոալիցիայի շարքերը կհամալրեն ոլորտում գործող այլ հասարակական կազմակերպություներ ևս:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան իրականացնելու է ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքները պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը:
Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում կոալիցիան նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղություններով՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:
Թեև ընդամենը 4 ամիս է անցել ծրագրի մեկնարկից, սակայն արդեն իսկ հաջողություններ կան: Օրինակ, ծրագրի երրորդ կոմպոնենտի մասով, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ իրենց կողմից բարձրաձայնվել է այն մասին, որ անձը դատապարտվել է ինքնախոստովական ցուցմունքի պատճառով, որը բռնությամբ է կորզված եղել. և այս դեպքի առթիվ օրերս քրեական գործ է հարուցվել:
Կոալիցիայի անդամները ծանոթացան արդեն իսկ կատարված աշխատանքներին և քննարկեցին հետագա հանդիպումների և անելիքների մասին հարցեր:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր անդամներն են. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի ուժ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Ազատ լրագրողների ասոցիացիա», «Ազատ քաղաքացի», «Լրագրողներ հանուն ապագայի», «Քաղաքացի-հարկատու բիզնես», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարդու իրավունքների միջազգային հանրություն», «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունները: