Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր ժողովը, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհորդը:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան իրականացնում է «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Կոալիցիայի հիմնադիր համաժողովի ընթացքում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ կոալիցիայում ընդգրկվող կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի է և բարձր հեղինակություն ունի:
10 քաղաքացիական հասարակության կազմակերպությունից բաղկացած կոալիցիայի հիմնադրումից և կանոնակարգի հաստատումից հետո ընտրվեց կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 9 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան իրականացնելու է ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքները պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը:
«Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում կոալիցիան նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղություններով՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի հիմնադիր անդամներն են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Իրավունքի ուժ», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Ազատ լրագրողների ասոցիացիա», «Ազատ քաղաքացի», «Լրագրողներ հանուն ապագայի», «Քաղաքացի-հարկատու բիզնես», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարդու իրավունքների միջազգային հանրություն», «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունները: